ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և օգնական Իվանկա Թրամփը ստիպված կլինի հարցաքննության ներկայանալ ամառային կոշիկների դիզայնը կրկնօրինակելու գործով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Մանհեթենի շրջանային դատարանի վճռով՝ նա պետք է լսումներին ներկայանա մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջը: Նրան թույլ են տվել ցուցմունքներ տալ ոչ թե Նյու Յորքի, այլ Վաշինգտոնի դատարանում, որտեղ նա ապրում է:

Նշենք, որ Իվանկա Թրամփին դատի է տվել իտալական Aquazzura բրենդը, որի ներկայացուցիչները պնդում են, որ Իվանկային պատկանող IT Collection LLC ընկերությունը նույնությամբ կրկնօրինակել է Wild Thing մոդելի կոշիկների դիզայնը: Իտալական ընկերությունը պնդում է, որ նույն դիզայնն Իվանկայի ընկերությունն օգտագործել է Hettie մոդելի կոշիկն արտադրելիս: