Վերջերս Երևանում խելահեղ ֆեյշն ցուցադրություն էր կազմակերպվել: Հեղինակները դիզայներներ Մանուկ Ալեքսանյանը և Թամարան էին, ովքեր հանրությանը ներկայացրին թավիշի ողջ գունապնակը ներառող մոդելավորած զգեստները: Երեկոյի դեմքը դիզայներներն ընտրել էին Նադեժդա Սարգսյանին` մեծ բծախնդրությամբ և պատասխանատվության զգացումով:
Ցուցադրության հյուրերի կազմում էին Լուսինե Թովմասյանը, Արևիկ Ուդումյանը, Մայա Պողոսյանը, Արամ Նիկոլյանը, մոդելներ Անահիտ Հարությունյանը, Սյուզի Սեդրակյանը:
ԼՈւՐԵՐ.com-ը դիզայներ Թամարայի հետ զրուցել է իր գործունեության, կազմակերպված միջոցառման, ինչպես նաև նորաձևության ասպարեզում գրանցած հաջողությունների, հայ աղջիկների ճաշակի ու ոճի շուրջ:
Ի դեպ՝ Թամարան սովորել է ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետում. իտալերեն լեզվի մասնագետ է: Սովորել է նաև Իտալիայի Պերուջայի համալսարանում, այնուհետև նորաձևության ակադեմիայում բացահայտել է նորաձևության գաղտնիքները:
-Ինչպե՞ս պատահեց, որ որոշեցիք համագործակցել դիզայներ Մանուկ Ալեքսանյանի հետ և համատեղ ցուցադրությամբ հանդես գալ:
-Մանուկն ինձ համար Հայաստանի լավագույն դիզայներներից մեկն է, նա շատ նրբաճաշակ է: Մենք առանց խնդիրների ենք համատեղ աշխատել, էսքիզները գծելիս տարաձայնություններ չենք ունեցել, միանման էինք մտածում և ընդունում միմյանց կարծիքը:
Ցուցադրությանը բազմաթիվ գույներով համակցված հագուստ էինք ներկայացրել: Ինքս, լինելով Իտալիայում, շփվելով մարդկանց հետ՝ վերադարձա Հայաստան և շատ զարմացա. հիմնականում մեր ժողովուրդը սիրում է մի գույն, այստեղ վախենում են համադրություններ անել, մտածում են՝ սիրուն չի լինի, անճաշակություն կլինի, բայց եթե ճիշտ կարողանաս համադրել 3-5 գույն՝ շատ սիրուն կստացվի:
-Թամարա՛, նորաձևության աշխարհում, այնուամենայնիվ, դեռևս խնդիրները բազմաթիվ են, օրինակ՝ կրկնօրինակումները:
-Կրկնօրինակելը վատ բան է, դիզայներները պետք է նոր բան ստեղծեն: Հայաստանում շատ տարածված բան է դա, հիմնականում ընդօրինակում են այլոց աշխատանքը, թեպետ պետք է հաշվի առնել նաև այն սահմանափակումները, որոնք այդ սեզոնի թրենդն է թելադրում, հակված եմ այն մտքին, որ պետք է հետևենք այդ թրենդին, բայց որևէ կրեատիվ լուծում հաղորդել հագուստին:
Ես թրենդին շատ չեմ հետևում, այդ պահին ինչ իմ սրտին մոտ է լինում, դա եմ անում, շատ են ասում՝ այս գույնը կամ այս կտորն արդեն մոդա չէ, բայց ես այդպես չեմ մտածում:
Թրենդին շատ հետևելը ճիշտ չէ, ինչն ինձ սազում է՝ դա է թրենդը:
-Իսկ ո՞րն է այսօրվա թրենդը:
-Հիմա շատ մոդա են, թեպետ ես չեմ կարող ընդունել, լայն վերնաշապիկները, boyfriend ջինսերը, բայց ես նախընտրում եմ ընդգծել կնոջ կանացիությունը, կինը պետք է հագնի էլեգանտ, նրբաճաշակ, կազմվածքն ընդգծող հագուստներ:
-Շատ է խոսվում այն մասին, որ մեր երիտասարդների ճաշակը վերջին տարիներին փոխվել է, ավելի թրենդային են հագնվում: Ճի՞շտ է այդ կարծիքը:
Այո՛, շատ է փոխվել հատկապես մեր աղջիկների ճաշակը, որովհետև այսօր հնարավոր է դարձել թրենդի մեջ հագուստ գնել մատչելի գներով: Պարզապես մեր աղջիկների մեջ մի խնդիր կա` նրանք չպետք է սեքսի զգեստը շփոթեն վուլգարի հետ, մեր հայ աղջիկները շատ են վուլգար զգեստներ հագնում` կարծելով նրբաճաշակ են, սեքսի են: Ամեն մի շորը, որ բաց է` դեռ սեքսի չէ:
Ամբողջությամբ բաց չպետք է լինեն, եթե բաց է ոտքերը` կրծքերը պետք է փակ լինեն, կամ՝ հակառակը:
-Իսկ որտե՞ղ մարդիկ կարող են տեսնել ձեր աշխատանքները.
-Ինչպես արդեն գիտեք, Մայա Պողոսյանը Թումանյան փողոցում EL Fashion Avenue է բացել, մոտ ժամանակներս այնտեղ կներկայանամ նաև ես: