Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում կազմակերպել միջազգային ռոք-փառատոն: Այդ մասին Թանկյանն ասել է AFP-ին տված հարցազրույցում: Գործակալությունը հիշեցնում է, որ մարդասիրական «Ավրորա» մրցանակաբաշխությունից մեկ տարի անց, որի թեմատիկ երգը հեղինակել է Թանկյանը, վերջինս ՀՀ-ում տեսնում է այլ միջոցառումների անցկացման հնարավորություն և ցանկանում է կազմակերպել փառատոն։
Թանկյանն ընդգծել է, որ ցանկանում է Հայաստանում ավելի շատ բան անել և իր մոտ արդեն ծագել է երաժշտական փառատոն կազմակերպելու գաղափարը։
«Հայաստանը, որը հետաքրքիր ուղղություն չէ արևմտյան արտիստների համար, կարող է ներգրավվել Եվրոպական ամառային փառատոնում, ինչի շնորհիվ տարբեր խմբեր կարող են գալ Հայաստան։ Միշտ երազել եմ Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն կազմակերպելու մասին։ Ես փորձել եմ զբաղվել քաղաքական և սոցիալական աշխատանքներով, հիմա կցանկանայի ժամանակ գտնել ստեղծագործական և երաժշտական աշխատանք իրականացնելու համար», - ասել է նա։
Անդրադառնալով 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում անցկացված System of a Down խմբի համերգին՝ նա նշել է. «Տեսնելով համերգին ժամանած երիտասարներին՝ պատմության զգացմունքը պատեց ինձ՝ հիշելով տատերիս ու պապերիս: Ես մեր խմբի մեջ տեսա կատալիզատոր՝ հնի և նորի միջև: Այնպիսի զգացողություն ունեի, որ մեր ամբողջ կարիերան կառուցվել է այս համերգը տալու համար»: