Մայիսի 28-ին նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողություն: Մի քանիսը, ովքեր հասարակության լայն շերտերի կողմից ճանաչելի էին, լուսաբանվեցին, քննարկվեցին, ինչպես նաև քննադատվեցին, ավելին՝ սուր քննադատության արժանացան՝ թե ինչու հենց նա, չէ՞ որ այդքան էլ արժանի չէր: Իսկ այս ամենի հետևում կային իրապես արժանիներ, ովքեր ստացան այդ վաստակավորի կոչումը և լռեցին՝ վայելելով իրենց տարիների վաստակի գնահատականը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը նրանցից մեկին, այսպես ասած, բացահայտել և կարճ զրույց է վարել վերջինիս հետ: Եվ ահա, ո՞վ է նախագահի կողմից վաստակավոր արտիստի պատվավոր կոչում ստացած Իրինա Զաքյանը:
Իրինան Հայպետֆիլհարմոնիայի մեներգչուհի, Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի վոկալ խորհրդատուն է:
-Արժանացել եք վաստակավոր արտիստի պատվավոր կոչման, տիկին Զաքյան, ի՞նչ արժեք ունի այն Ձեզ համար:
-Հնուց ի վեր թագավորներից, երկրի առաջնորդներից, ղեկավարներից, իսկ այսօր էլ՝ նախագահից կոչում ստանալը մեծ գնահատական է համարվում արվեստագետի համար: Կոչմանն արժանանալու համար շնորհակալությունս եմ ուզում հայտնել մեծարգո Նախագահ Սերժ Սարգսյանին, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, Հայպետֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը: Սակայն, պետք է նշեմ՝ սա այն չէ, որ ինձ պարտավորեցնում է ավելի լավ աշխատել, ես այդ «ավելի լավն» աշխատել եմ, երբ այդ «ավելի լավ»-ն աշխատում ես, հասնում ես կետի, որի ժամանակ «ավելի լավ» աշխատելու համար գնահատվում ես: Ես աշխատել եմ այդպես, և վաղը նույնպես աշխատելու եմ այդպես: Լավ աշխատելն անհրաժեշտություն է, ես իմ աշխատանքը ձգտում եմ շատ լավ կատարել: Հատկապես արտիստի դեպքում այն ուրիշ է, բեմ ես բարձրանում և այդքան մարդ քեզ գնահատում է, դու պարտավոր ես լինել բարձրության վրա և քո պրոֆեսիոնալիզմի գագաթնակետին: Իհարկե, ինչպես ասում էր հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոն՝ մի՛ վախեցեք կատարելությունից, դուք դրան երբեք չեք հասնի: Սրա մեջ ճշմարտություն կա, սակայն, եթե մենք գոնե մտել ենք կատարելության ճանապարհով, ուզում ենք քայլել ու հասնել դրան, դա արդեն լավ է:
-Այսօր մեր երկրում ի՞նչ դիրքում է դասական երգարվեստը:
-Դասական արվեստը դեռևս Խորհրդային միությունից մինչև այսօր մեր երկրում գտնվել է բարձրագույն կետում, դրա ապացույցն այն է, որ մեր օպերային երգիչներն այսօր համաշխարհային լավագույն օպերային թատրոններում են երգում, շատ-շատերը: Ես ավելին կասեմ՝ շատերն այստեղ նույնիսկ տեղ չեն ունենում, բայց գնում են և դրսում ստանում իրենց երազած երգչական ազատությունը:
-Իսկ այդ բարձրագույն արվեստի հանդիսատեսն ունե՞նք:
-Մենք ունենք հանդիսատես: Միգուցե նրանք շատ չեն, բայց մենք հաստատ ունենք: Մեր դահլիճները միշտ լեցուն են և մեր հանդիսատեսը շատ լավ հասկանում է լավ երգեցողությունը, լավ կատարումը:
Մեր երգիչներն ընդամենը երկու օջախ ունեն՝ օպերային թատրոնը և ֆիլհարմոնիկ նվագախումբը: Երկրի ներսում օպերային երգիչներն առանձնակի տարածվելու տեղ չունեն, իսկ ահա Գերմանիայի ցանկացած քաղաք՝ ունի օպերային թատրոն. եթե մարդը մի քաղաքում չհաջողի, գուցե հաջողի այլ տեղ:
Բացի այդ՝ պետք է ունենանք օպերային բազմաթիվ ներկայացումներ, որպեսզի երգիչները պարապ չնստեն: Սա խնդիր է իհարկե, և հույս ունեմ՝ ապագայում կլուծվի:
-Մի քանի օր առաջ «Երգեցողություն» անվանակարգում բարձր կատարողական արվեստի համար մրցանակի են արժանացել Երիտասարդական օպերային ծրագրի երգիչները՝ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը և Մարիանա Մարտիրոսյանը: Պարգևը մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Փաստորեն, հենց սա է այն լավ աշխատելը, որի արդյունքներն ակնհայտ են:
-Այո՛, սա ինչ-որ տեղ նաև իմ աշխատանքի արդյունքն է եղել, որովհետև ես նրանց օգնում եմ սովորել ճիշտ երգեցողություն: Երիտասարդական ծրագրի գեղարվեստական ղեկավարը Լևոն Ջավադյանն է և մեր համատեղ աշխատանքի շնորհիվ երիտասարդները փայլուն հաղթանակ ունեցան: Նշեմ նաև՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում: Առաջիկայում նախատեսված է նաև նրանց համերգային ծրագրերը, դրանցից մեկը կուզեի առանձնացնել. հունիսի 25-ին օպերային թատրոնում նրանք հանդիսատեսին կներկայանանք, կհնչի «Կարինե» օպերետի առաջին գործողությունը, կներկայացվի Բոհեմայից հատված, որը ես պետք է երգեմ, որոշվեց, որ երիտասարդների կողքին լինեմ:
-Ոգևորմա՞ն համար:
-Ժպտում է: