Մեզանից յուրաքանչյուրին մանկությունից սովորեցրել են հիգիենայի տարրական կանոններին. ուտելուց առաջ լվանալ ձեռքերը, առավոտյան եւ քնելուց առաջ մաքրել ատամները եւ այլն: Բայց ոչ բոլոր ծնողներն են երեխաներին պատմում ինտիմ հատվածներում հիգիենայի կանոնների մասին, չնայած դրանց չհետեւելը կարող է բազմաթիվ տհաճ հիվանդությունների պատճառ դառնալ: Այդ մասին կպատմի գինեկոլոգ Մարինա Անանյանը:

«Ինտիմ առողջության համար ամենից տարրական եւ անհրաժեշտ պահանջը առավոտյան եւ երեկոյան, ինչպես նաեւ սեռական հարաբերությունից հետո պարտադիր լվացումներն են: Ինտիմ հատվածները լվանալու համար հարկավոր է վերցնել եռացրած գոլ ջուր:

Մոռացեք սովորական օճառի մասին: Այն հագեցած է ալկալով, որը հակացուցված է սեռական օրգանների զգայուն միկրոֆլորայի համար: Անհրաժեշտ է գործածել հատուկ ինտիմ գելեր, որոնց կազմում պետք է կաթնաթթու լինի: Բացի այդ, ինտիմ գելում չպետք է լինեն տարբեր տեսակի ներկանյութեր եւ անուշահոտություններ, որոնք ալերգիա են առաջացնում: Այդ պատճառով շրջանցեք կոկոսի կամ մանուշակի բույրով գունավոր շշիկները:

Լվացվելու գործողությունից առաջ անպայման խնամքով լվացեք ձեռքերը: Ինտիմ հատվածների համար առանձին սրբիչ գործածեք: Այն հնարավորինս հաճախ լվացեք եւ արդուկեք գոլորշիով՝ բոլոր մանրէները ոչնչացնելու համար: Շատ մի տարվեք խոնավ անձեռոցիկներով, քանի որ դրանք բազմաթիվ կոսմետիկ բաղադրիչներ են պարունակում, որոնք այնպես թե այնպես վնասում են ինտիմ հատվածների մաշկը եւ ալերգիա առաջացնում»: