Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը վերսկսում է «Մշակութային Գյումրի» մշակութային միջոցառումների շարքը, որի շրջանակներում Կենտրոնի հարկի տակ հյուրընկալվում են մշակութային տարբեր գործիչներ, հայտնի և սիրված դերասաններ: Շարքի շրջանակում, «Երբ փրկում է հումորը» խորագրով ապրիլի 1-ին դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ Մկրտիչ Արզումանյանի բացառիկ հանդիպումը մշակութասեր և հումորասեր գյումրեցիների հետ էր: Դերասանը խոսեց ինչպես նախկին նախագծերի, այնպես էլ նոր ծրագրերի մասին՝ փաստելով, որ նոր նախագիծ պատրաստվում է Արամ MP3-ի հետ: Թեև չմանրամասնեց, թե ինչ նախագիծ է լինելու, սակայն վստահեցրեց՝ դասական՝ և՛ երաժշտությամբ, և՛ ասելիքով հարուստ:
Անդրադառնալով հումորի որակական հատկանիշներին՝ նա նշեց, որ այն պետք է միշտ լինի ժամանակակից: «Հումորն ունի իր պահպանման ժամկետը, եթե մնաս նույն մակարդակի մեջ՝ շատ արագ կդառնաս անհետաքրքիր: Այն հումորը, որը ծիծաղելի էր 10 տարի առաջ, հիմա էլ նույն ազդեցությունը չունի: Յուրաքանչյուր բան պետք է արվի իր ժամանակին»,- ասաց Մկրտիչ Արզումանյանը: Ծնունդով գյումրեցի դերասանն իր խոսքում նշեց, որ Գյումրու մշակութային ոլորտում շատ բացեր կան: «Մենք ունենք շշմելու երիտասարդներ, ովքեր ամեն անգամ ինձ զարմացնում են: Ես հպարտանում եմ, որ մենք նույն քաղաքից ենք: Բնականաբար, շատ բան կա անելու: Ցանկանում եմ այն ամենն, ինչ կատարվում է Երևանում, հատկապես մշակութային առումով, արվի նաև Գյումրիում»,-նշեց դերասանը:
Խոսելով իր մասնագիտության մասին՝ Մկրտիչ Արզումանյանը փաստեց, որ իրականում ավելի լուրջ մասնագիտություն ունի՝ ավարտել է ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը: «Մութ ու ցուրտ տարիներին հազիվ թե ցանկություն հայտնեի հումորով զբաղվել, բայց համալսարանում ստեղծվում է «Ուրախների և հնարամիտների» թիմը, որի անդամ դարձա ու սկսեցինք ստեղծագործել: Նախ ստացանք մի փոքրիկ ելույթ, ապա մասնակցեցինք քաղաքային խաղերին, ապա հայաստանյան խաղերում հայտնվեցինք երկրորդ տեղում: Այսպես հայտնվեցի նաև հավաքական թիմում, ինչն ինձ համար աշխարհ արժեր»,-հիշեց Մկրտիչ Արզումանյանը:
Հանդիպման ընթացքում դերասանը պատմեց նաև հումորային դրվագներ տարբեր նախագծերից ու նկարահանման տաղավարներից: