«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ջազային երգչուհի Իլոնա Սագիևայի՝ «Բարի գալուստ իմ աշխարհ» խորագիրը կրող ցուցահանդես-համերգը:
-Ողջունում եմ ՀՀ առաջին տիկին մեծարգո Ռիտա Սարգսյանին և բոլոր ներկաներին: Շնորհավորում եմ Իլոնա Սագիևային նման գեղեցիկ երեկոյի համար և բեմը տրամադրում նրան,- այսպես երեկոյին սկիզբ դրեց «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը:
Իլոնան հանդես եկավ ջազային կատարումներով, որոնց ռիթմերով վարակելով բոլորին' հրավիրեց «իր աշխարհ»:
Ցուցահանդեսի բացման արարողությունն իրականացրին Իլոնա Սագիևան և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Երեկոյին ներկա էին երգիչ Ֆորշը, ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը (Մալխաս), կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը, երաժիշտ Արմեն Մանուկյանը, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը, օպերային երգչուհի Լուսինե Ազարյանը, հաղորդավար Կարեն Քոչարյանը և շատ այլ արվեստագետներ, ովքեր եկել էին շնորհավորելու և ողջունելու Իլոնային:
Իլոնա Սագիևան 10 տարի հանդես է եկել Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կազմում: Աշխատել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում: Ընկերները հաճախ կատակում են՝ նշելով, որ իրենք չեն հասկանում՝ Իլոնան ավելի շատ երգչուհի՞ է, դերասանուհի՞, թե՞ նկարչուհի: