«Արղամանյանի նվագը վիրտուոզ էր, ձեռքերը երբեմն պարում-սավառնում էին օդում` բարդ անցումներ կատարելուց հետո: Նրա ոճական մոտեցումն առանձնանում էր արտաբերման հստակությամբ, հաստատուն տոնով և էմոցիոնալ զսպվածությամբ: Արդյունքում`նրա կատարման մեջ արտահայտված էր հավաքական, կուտակված հզորություն և նույնիսկ առավել խորը էմոցիոնալ հնչեղություն»: Ահա այսպիսի խոսքերով է Լոս Անջելես Թայմս հեղինակավոր պարբերականը նկարագրել հայ դաշնակահարուհի, Վիեննայում բնակվող և եվրոպական բեմերում փայլող Նարե Արղամանյանին։
Իր ռեպերտուարում ունենալով ավելի քան 30 կոնցերտներ՝ Նարեն արդեն նվագել է աշխարհի շատ ու շատ հեղինակավոր նվագախմբերի հետ՝ Վիեննայի Սիմֆոնիկ նվագախումբ, Բիրմինգհեմի Սիմֆոնիկ, Վիեննայի Ռադիոսիմֆոնիկ, Վիեննայի Կամերային, Ցյուրիխի Տոնհալլե, Ֆրանկֆուրտի Ռադիոսիմֆոնիկ, Կոպենհագենի Ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Գևանդհաուզ, Բոխումի Սիմֆոնիկ, Ճապոնիայի Կիոտո, Մալայզիայի Ֆիլհարմոնիկ, Հոնգ-Կոնգի Սիմֆոնիկ, Ստոկհոլմի թագավորական (Ռոյալ ֆիլհարմոնիկ), Համբուրգի, Ստրասբուրգի, Բեռլինի, Բեռնի, Բոստոնի, Վանկուվերի, Էդմոնթոնի, Յութայի, Կոլումբուսի, Ինդիանապոլիսի սիմֆոնիկ նվագախմբերի, Բեռլինի Ռադիոսիմֆոնիկ, Օսլոյի Օպերային, Գրան Մոնրեալի Մետրոպոլիտեն և շատ ու շատ այլ նվագախմբեր:
Հռչակավոր շատ ամսագրեր և քննադատներ բարձր են գնահատել Նարե Արղամանյանի ձայնագրությունները, որոնց համար նա արժանացել է «Մյուզիքլ Ամերիկա» ամսագրի «Տարվա արտիստ» կոչմանը, Ինթերնեյշնլ Ռեքորդ Գայդի «Outstanding» մրցանակին, BBC-ի և «Գրամոֆոն» երաժշտական ամսագրերի «5 Աստղի» և այլն։ Ավստրիաբնակ դաշնակահարուհին ճանաչվել է «Բյոզենդորֆեր» դաշնամուրային բրենդի 2016 թ. գովազդային դեմքը։
Դաշնակահարուհին կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգին մասնակցելու հրավերով գտնվում էր Երևանում և ԼՈւՐԵՐ.com-ը բացառիկ հնարավորություն է ունեցել նրա հետ զրուցելու և ընթերցողին ներկայացնելու Նարե Արղամանյանի կյանքը, հաջողությունները, դժվարությունները, անցած ուղին։
-Նարե, կպատմե՞ք՝ ինչպես եղավ, որ սիրահարվեցիք դաշնամուրին։ Ինչո՞ւ հենց այդ գործիքը դարձավ Ձեր կյանքի անբաժան մասը։
-Ամեն ինչ սկսվել է շատ պատահական դեպքից։ Ես երեք տարեկան էի, մայրս հղի էր, ցուրտ ու մութ տարիներն էին, երեկոյան մայրս չթողեց, որ գնամ դուրս՝ խաղալու, դաշնամուրը ցույց տալով, ասաց՝ սա էլ է խաղալիք, սրանով էլ կարող ես խաղալ։ Դաշնամուրը մեր տանն էր, բայց երբեք ոչ ոք չէր նվագել, քանի որ 1988-ի երկրաշարժի հետևանքով հայրիկիս կողմից զոհվածներ կային և մեր տանն այդքան շատ երաժշտություն չէր հնչում (Նարեն ծնունդով Վանաձորից է-խմբ․)։ Եվ առաջին անգամ գործիքի հետ իմ շփումը հենց այդ ժամանակ եղավ։ Ես սկսեցի նվագել, ինչ-որ ձայներ դուրս եկան, որոնք ինձ գրավեցին։ Ես հիշում եմ, որ ժամերով նվագում էի, առանց իմանալու, թե ինչ բան է երաժշտությունը։ Երբ մայրիկս մի քանի ժամ հետո եկավ, որ մոմը փոխի, տեսավ, որ ես արդեն մատով նվագում եմ, հարմոնիաներ եմ լսում, նոր բաներ եմ ինձ համար բացահայտում։ Դրանից հետո սկսվեց իմ ուղին։ Հաջորդ օրը մորաքույրս ինձ տարավ երաժշտական դպրոց։ Ես հիշում եմ՝ կարծես սիրահարված էի գործիքին, ժամերով նվագում էի ու չէի հասկանում՝ երբ է ժամանակն անցնում։ Ես ստեղծագործում էի, բայց հետո, երբ տեսա, որ արդեն գրված կան այնպիսի ստեղծագործություններ, որոնք հազար անգամ գերազանցում են իմ ստեղծագործություններին, այդ ժամանակ որոշեցի նվիրվել դասական երաժշտությանը։ Մինչ այժմ էլ կատարում եմ փոխադրումներ, իմպրովիզներ։ Մայրիկս արթնացրեց իմ մեջ սերը դեպի դաշնամուրը։ Հիշում եմ՝ երեկոները նա ինձ համար նվագում էր. ես Բեթհովենի, Շոպենի, Բախի տակ եմ մեծացել։
-Կպատմե՞ք Ձեր հաջողությունների մասին, որոնք, տեղյակ եմ, որ սկսվել են դեռ մանկուց։
-6 տարեկանում ունեցել եմ առաջին մենահամերգս, 7 տարեկանում ընդունվել եմ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցը, այնուհետև՝ 15 տարեկանում տեղափոխվեցի Վիեննա, որտեղ էլ շարունակվեց ամեն ինչ։ Մինչ օրս հանդիսանում եմ ավելի քան 18 միջազգային մրցույթների հաղթող։ Ամեն տարի ունենում եմ 50-60 համերգներ, մենահամերգներ, սինֆոնիկ նվագախմբերի հետ համերգային շրջագայություններ՝ Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Ամերիկա, Կանադա, Ճապոնիա, Մալայզիա, Սինգապուր և այլն։ Ամեն ամիս առնվազն 5-6 համերգ եմ ունենում։
-Իսկ ինչո՞ւ տեղափոխվեցիք Ավստրիա։
-Ճիշտն ասած, երբ ասյտեղ էի, իմ ուղին արդեն սկսվել էր։ Ես մասնակցում էի տարբեր մրցույթների, հաղթող էի ճանաչվում։ Մինչև 15 տարեկանս արդեն միջազգային 8 մրցույթի հաղթող էի։ Բայց ինձ շատ մարդիկ խորհուրդ տվեցին դպրոցն ավարտելուց հետո ուսանել արտերկրում, հատկապես խորհուրդ էին տալիս Ավստրիան։ Վիեննան հանդիսանում է դասական երաժշտության մայրաքաղաքը։ Այնտեղ կյանքը շատ բուռն է, ամեն օր համերգներ են։ Այնտեղ համալսարան ընդունվեցի, ավարտեցի ու որոշեցի այնտեղ էլ բնակություն հաստատել։
-Մի քանի օր է՝ գտնվում եք Հայաստանում։ Հայ հանդիսատեսն ինչպե՞ս Ձեզ ընդունեց։ Այդքան շրջագայել եք, ինչո՞վ է հայ հանդիսատեսը տարբերվում Եվրոպայի հանդիսատեսից։
-Հայ հանդիսատեսը շատ հոգով է, ինձ գիտեն դեռ փոքր տարիքից ու ինձանից մեծ սպասումներ ունեն։ Պատասախանատվության այդ զգացումը մոտս կա։ Եվրոպայի հանդիսատեսն այդքան չգիտի Հայաստանի մասին, և ես, կարծես, հանդիսանում եմ հավաքական կերպար։ Երբ նվագում եմ Եվրոպայում, Կանադայում կամ Ամերիկայում, շատ են հարգում, գնահատանքը շատ մեծ է։ Նրանք մեծանուն երաժիշտների են լսում և նրանց դժվար է զարմացնել, բայց ես ամեն անգամ մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում դրան։ Օրինակ՝ վերջերս նվագում էի Լյուցեռնի փառատոնում, որտեղ տարիքով ամենափոքրն էի։ Այնքան հավանեցին իմ 2 ժամանոց անընդմեջ մենահամերգը, որ խնդրեցին ևս 4 բիս կատարել։ Ես հիացած էի, ինձ համար անսպասելի էր դա։ Նրանք ամեն օր լսում են մեծանուն երաժիշտների։ Այդ փառատոնում ընդգրկված էին Գրիգորի Սոկոլովը, Մարի Պերայան, որոնք 40-50 տարի իրենց գործունեությունն են ծավալում և մեծ համբավ ունեն։ Այդ պատճառով՝ ավելի մեծ պատասխանատվություն ես զգում Եվրոպայում կատարելու ժամանակ, որովհետև ներկայացնում ես մի ամբողջ ազգի հավաքական կերպար, Հայաստանը քեզանով է ներկայացվում։
-Համերգներից հետաքրքիր, հիշարժան դեպքեր, նույնիսկ՝ զավեշտալի, կարո՞ղ եք հիշել։
-Հետաքրքիր դեպքեր, իհարկե, շատ են լինում։ Օրինակ, իմ ծննդյան օրը միշտ համընկնում է մեծ համերգի հետ։ Ես մինչ այսօր իմ ծնունդը երբեք Ավստրիայում չեմ անցկացրել։ Այս տարի էլ հենց այդ օրը Բրյուսելում էի նվագում։ Վերջին անգամ Մոնրեալի մրցույթում հաղթելուց հետո, դիրիժորի ազգանունը Զայթունի էր։ Երբ նվագեցինք-վերջացրինք, նա ասաց, որ արմատներով հայ է, բայց հայերեն չգիտի։ Կանադայում է ապրում։ Ազգանունը Զեյթունյան է եղել, փոխել է Զայթունի։ Ես շատ հաճախ համագործակցում եմ Ալան Ալթինօղլու հետ, ում իսկական ազգանունը եղել է Ալթունյան, բայց քանի որ իրենք ապրել են Թուրքիայում, ստիպված են եղել փոխել ազգանունը։ Ես նրա հետ շատ մեծ համերգների եմ մասնակցել։ Վերջերս Վիեննայի ամենահայտնի Մյուզիք Ֆերրանի ոսկյա դահլիճում կատարեցինք Խաչատրյանի կոնցերտը, ի դեպ՝ ասեմ՝ դա պատմական համերգ էր, քանի որ այդ կոնցերտի կատարումը մինչ այդ պահը չէր եղել, մենք արեցինք պրեմիերան։
-Ինչպե՞ս ընդունվեց հանդիսատեսի կողմից, և առհասարակ, ինչպե՞ս է ընդունվում հայ կոմպոզիտորների կատարումները՝ Եվրոպայում։
-Շատ լավ ընդունվեց։ Վիեննայի հանդիսատեսը շատ զուսպ, սառը հանդիսատես է, բայց այնքան շատ էին հավանել, որ երեք բիս եմ նվագել, ըստ արժանվույն ներկայացրել եմ հայ կոմպոզիտորների գործերը։
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։
-Մեկնելու եմ Ավստրիա, որից երկու օր հետո Գերմանիայի նվագախմբի հետ համերգներ ունենք Բելգիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Ես կարծում եմ՝ ցանկացած երաժիշտ՝ իր պարտքը պետք է համարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ճանաչելի դարձնել աշխարհին։ Աշխատում եմ, որ իմ համերգների երգացանկի մեջ ընդգրկեմ ժամանակակից կոմպոզիտորների գործերը։
-Նարե, երբևէ կվերադառնա՞ք Հայաստան մշտական բնակության։
-Եթե տեսնեմ, որ այստեղ հնարավորություններն այնպիսին են, ինչպես Եվրոպայում, մեծ սիրով կվերադառնամ։ Ես նույնիսկ մտածում էի ծրագիր ստեղծել, այն, ինչ սովորել եմ փոխանցել երիտասարդ սերնդին, վարպետության դասեր անել, թեկուզ իրենց կանչել Եվրոպա՝ համերգների։ Մենք հիմա աշխատում ենք այդ ծրագրի վրա։ Յուրաքանչյուր երաժիշտ պարտավոր է իր իմացածը, գիտելիքները, հմտությունները փոխանցել երիտասարդ սերնդին։
Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի