Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ»-ը BAFTA բրիտանական կինոմրցանակն է ստացել «լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:

 

Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան Շազելին ճանաչել է լավագույն ռեժիսոր: Լավագույն դերասանուհի է դարձել ֆիլմի գլխավոր դերակատար Էմմա Սթոունը: Արձանիկի են արժանացել նաեւ կոմպոզիտոր Ջասթին Գուրվիթցը եւ օպերատոր Լինուս Սանդգրենը:

 

«Ավելի վաղ «Լա Լա Լենդ»-ը յոթ «Ոսկե գլոբուս» է ստացել բոլոր այն անվանակարգերում, որոնցում առաջադրված էր: Կինոնկարը համարում են «Օսկար»-ի գլխավոր հավակնորդներից մեկը. այդ մրցանակին նա առաջադրված է 13 անվանակարգերում:
Տղամարդու լավագույն դերի համար BAFTA-ի մրցանակն ստացել է ամերիկացի Քեյսի Աֆլեքը Քենեթ Լոներգանի «Մանչեսթրը ծովի մոտ» կինոնկարում խաղացած դերի համար:

 

Լոնդոնի Ալբերտ-հոլլում կայացած արարողությունը վարել է դերասան եւ գրող Սթիվեն Ֆրայը: Իրենց ներկայությամբ այն պատվել են թագավորական ընտանիքի անդամները՝ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը' Reuters