Տաղանդավոր պարուհի, պարուսույց, «Larisa dance» ստուդիայի ղեկավար Լարիսա Հակոբյանը և իր սաները պատրաստվում են շքեղ և անակնկալներով լի համերգային ծրագրի, որը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Ճարտարապետների տան մեծ դահլիճում:

 

Մինչ այդ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց պարուհու հետ: 

 

-Լարիսա, կներկայացնե՞ք վերջին շրջանում Ձեր և Ձեր սաների գրանցած հաջողությունները: Ի՞նչ փառատոնների, համերգային ծրագրերի եք մասնակցել: 


-Վերջին շրջանում մենք բազմաթիվ համերգային ծրագրեր են ունեցել, տարբեր համերգների ենք մասնակցել: Իմ բոլոր երեխաները մոտ 30 համարով ելույթ են ունեցել՝ և՛ մենապարով, և՛ խմբակային տարբեր ոճի պարերով: «Երևան աշուն» փառատոնին մեզ հավաստագիր շնորհեցին՝ առաջատար լինելու համար: Ասեմ, որ ևս մեկ մրցանակ ենք ստացել՝ «Մինորա» կազմակերպության կողմից: Երեխաները ստացել են տարբեր հավաստագրեր, պատվոգրեր, մեդալներ, որի կապակցությամբ բոլորին շնորհավորում եմ: Այս հաղթանակները բոլորինն են: 

 

 

-Հիմնականում ո՞ր տարիքային խմբի երեխաներն են մասնակցել այդ մրցույթներին: 


-«Երևան աշուն» փառատոնին ունեցել ենք 2,5 տարեկան փոքրիկ մասնակիցներ: Պարեցին լիրիկական պար: Ժյուրիի անդամներն այնքան էին զարմացել, որ 2,5 տարեկան երեխաները կարող են լիրիկական պար ներկայացնել: Իրոք զարմանալի է: Ժյուրին այդ բեմադրությունը հրաշք անվանեց: Դա, անշուշտ, երեխաների աշխատասիրության շնորհիվ է եղել: Իսկ Ռոլանդ Ռեյի կազմակերպած փառատոնին մասնակցեցինք տարիքային մեծ, միջին խմբերով և մենապարերով: Այդտեղ էլ գրավեցինք առաջին հորիզոնականը: Ամեն երեխա պարապում է իր տարիքային խմբում: 

 

 

-Ասացիք՝ 2,5 տարեկան երեխաները ևս բեմ են բարձրանում և պարում: Արդյոք չե՞ն ամաչում, կաշկանդվում բեմի վրա: 


-Իրենք այդ օրն առաջին անգամ էին բեմ բարձրանում, որը շատ զարմացրեց նաև նրանց ծնողներին: Ես երեխաների հետ այնպես եմ աշխատում, որ մեզ մոտ չլինեն նուրբ, թիթեռի պարեր: Այստեղ համակարգ է դրված, որով աշխատում ենք: Երեխաները դահլիճ են մտնում կարոտած, աշխատելու ցանկությամբ: Երևի դա ինձանից էլ է գալիս. այն աշխուժությունը, այն տեմպը, այն ոգեշնչումը, որը ես մշակել ու տալիս եմ իրենց, արդեն չեն կարող չաշխատել, սիրով են գալիս: Չաշխատելու տեղ չկա: Մտնում են դասարան ու արագ վազք, տեխնիկա, զարգացում: Շնչելու տեղ էլ չկա, ես ինքս նրանց նկատմամբ շատ պահանջկոտ եմ: Իրենք էլ են դառնում պահանջկոտ իրենց նկատմամբ, պահանջում են, որ ես սովորեցնեմ իրենց, ես չեմ կարող չտալ իրենց այն, ինչը պահանջում են: Ես շատ գոհ եմ իմ աշակերտներից: Չկա մի օր, որ երեխաները մտնեն դասարան ու ասեն՝ չենք ուզում պարապել: Անգամ տանը լաց են լինում, որ իրենց պարի բերեն: Իրենք որ բեմ են դուրս գալիս՝ ինչ վախենալ, ինչ կաշկանդվել: Երեխա ունեմ, որ բեմի վրա  սխալվում է, այնպես է պահն անցկացնում իր պրոֆեսիոնալությամբ, որ հանդիսատեսը դա չի էլ նկատում: Միգուցե դա ճիշտ հիմք դնելուց է: Պարուսույցը սովորեցնում է, որ բեմի վրա թագն ընկնի՝ չվերցնես, դա բեմի կուլտուրա է, կշփոթվես, ոչինչ, մի բան հորինի, որ հանդիսատեսը չնկատի: Իրենք դրանով են սովորում: 

 

 

-Գիտեմ, որ առաջիկայում շքեղ համերգային ծրագիր եք նախատեսում իրականացնել: Մի փոքր փակագծերը կբացե՞ք: 


-Մենք ունեցել ենք շատ մենահամերգներ: Իսկ հիմա՝ դեկտեմբերի 25-ին, մենք որոշել ենք ամանորյա համերգային ծրագիր անել, Ձմեռ պապ, ձյունանուշ, մեծ բեմադրություններ, պրեմիերաներ են լինելու: 3 ամիս է, ինչ պատրաստվում ենք այս ծրագրին: Արդեն 15-20 նոր բեմադրություն եմ արել, համարյա բոլորը նոր են: Ընդհանուր՝ լինելու է 26 համար, որից 20-ը՝ նոր համարներ են բեմադրված: Բոլոր խմբերը մասնակցելու են: Փոքրիկները երկու համարով են մասնակցելու, մնացած բոլոր խմբերը՝ 4-ական համարներով: Իմ լավ ընկերներից, երգիչ-երգչուհիներից ևս գալու են ողջունելու: Անակնկալներ շատ են լինելու: Բայց կուզեմ խոսել մի համարի մասին, մնացածը տեղում կտեսնեք: Այդ համարը մոդեռն է լինելու, նվիրված՝ պատերազմին, որը բեմադրել եմ մեծերի խմբի հետ: Երեխաները շատ լավ են դա պատկերացնում, տարվել են այդ համարով: Երաժշտությունը Գևորգ Այվազյանից ենք վերցրել. հոյակապ երաժշտություն է: Շատ բարդ աշխատանք է տարված և՛ հագուստների, որը ես եմ մոդելավորել, և՛ պարի: Ես ինքս ելույթ եմ ունենալու: Լինելու են նաև մենապարեր: Մի խոսքով՝ անակնկալներ շատ են լինելու, բոլոր փակագծերը չբացենք: 

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի