Արդյո՞ք հիվանդ ժամանակ բարձր ջերմությունն օգտակար է: Անկասկա՛ծ: Ջերմաստիճանի բարձրացումը վարակի նկատմամբ պատասխան ռեակցիան է: Դա պաշտպանիչ մեխանիզմ է, որն օրգանիզմին օգնում է պայքարել վիրուսների դեմ: Իջեցնելով ջերմությունը՝ դուք “թույլ եք տալիս”, որ վարակը տարածվի ամբողջ օրգանիզմով մեկ: Ջերմությունն ախտանիշ է, հետևաբար պետք է բուժել հիվանդությունը, և ոչ թե վերացնել ախտանիշը:
Ինչպես և երբ իջեցնել երեխայի ջերմությունը
• Ջերմությունն իջեցնում են, եթե այն 38,50C-ից բարձր է: Եթե չնայած բարձր ջերմությանը երեխան իրեն նորմալ է պահում՝ շփվում է, հեղուկներ է խմում, խաղում է, ապա չպետք է ձգտել իջեցնել ջերմությունը: Եթե անընդհատ փորձեք այն իջեցնել, հիվանդությունը կտևի երկար և բարդություններով:
• Խրոնիկ հիվանդություններ կամ անցյալում ջղացնցումներ ունեցած, ինչպես նաև մինչև 3 ամսեկան երեխաների ջերմությունը պետք է իջեցնել, եթե այն 380C-ից բարձր է:
• Երեխային տվեք պարացետամոլ կամ իբուպրոֆեն: Երբեք մի օգտագործեք ասպիրին, հատկապես եթե երեխան հիվանդ է ջրծաղիկով կամ դեռ 12 տարեկան չկա, քանի որ այն կարող է ստամոքսի խանգարում, ինչպես նաև Ռեյի սինդրոմ (տոքսիկ էնցեֆալոպատիա) առաջացնել: Դա վերաբերում է նաև այն դեղերին, որոնց բաղադրության մեջ ասպիրին կա (օրինակ՝ անտիգրիպին):
Անալգին նույնպես չի կարելի: Քաղաքակիրթ աշխարհում այն արգելված է օգտագործել, քանի որ ճնշում է արյունաստեղծ պրոցեսները:
• Դեղամիջոց ընտրելիս հաշվի առեք, որ լուծույթներն ու օշարակներն ազդում են 20-30 րոպեից, իսկ մոմիկները՝ 30-40 րոպեից, սակայն վերջինների ազդեցությունն ավելի երկարատև է: Մոմիկներն օգտագործեք այն ժամանակ, երբ երեխան հեղուկ ընդունելուց սրտխառնոց է ունենում կամ հրաժարվում է դեղ խմել:
• Երեխային շատ տաք մի հագցրեք և մի փաթաթեք: Սենյակում պետք է զով լինի՝ 20-21 աստիճան: Մի մոռացեք մաքուր օդի մասին. կանոնավոր օդափոխեք սենյակը, բայց խուսափեք միջանցուկ քամիներից:
• Ջերմությունն իջեցնելու համար կարելի է մարմնի ջերմաստիճանին համապատասխան տաք ջրով լոգանք ընդունել: Ջրի ջերմաստիճանը 390C-ից ավել չպետք է լինի:
• Տաք ջրով թրջած սպունգով մաքրեք երեխայի մարմինը՝ տոքսինները հեռացնելու համար:
• Սպիրտով կամ քացախով շփումներ մի արեք, հատկապես փոքր երեխաներին: Հիշե՛ք, ալկոհոլը թույն է երեխայի համար:
• Ջերմող երեխայի մարմնին չի կարելի սառը առարկաներ դնել: Դա մաշկի անոթների սպազմ կառաջացնի: Եթե նույնիսկ մաշկի ջերմաստիճանն իջնի, ներքին օրգանների ջերմաստիճանն, ընդհակառակը, կբարձրանա, ինչը չափազանց վտանգավոր է:
• Մինչև 5 տարեկան որոշ երեխաներ բարձր ջերմության դեպքում հնարավոր է ջղացնցումներ ունենան, որոնք, որպես կանոն, առողջության վրա լուրջ ազդեցություն չեն թողնում: Սակայն այդ դեպքերում ցանկալի է մանկական բժիշկ կանչել:
• Պետք չէ երեխային շատ քաղցր կամ մուրաբաներով թեյ տալ: Ջուրը քրտինքի հետ գոլորշիանում է, իսկ գլյուկոզան սնունդ է դառնում ներքին օրգաններում գտնվող բակտերիաների համար, դրանով իսկ մեծացնելով երիկամների բորբոքումների ռիսկը: Ավելի լավ է սենյակային ջերմաստիճանի հանքային ջուր կամ կոմպոտներ խմեցնել: Կերակրեք հեշտ մարսվող սնունդով: Բացառեք տապականերն ու յուղոտ ուտելիքը:
Ինչ անել “սպիտակ տենդի” ժամանակ
Եթե չնայած բարձր ջերմությանը ձեր երեխայի մաշկը վարդագույն և խոնավ է, կարող եք մասամբ հանգիստ լինել. ջերմարտադրման և ջերմատվության միջև հավասարակշռությունը խախտված չէ: Բայց եթե բարձր ջերմության ժամանակ մաշկը գունատ է, ձեռքերն ու ոտքերը սառն են, իսկ երեխան դողացնում է, ապա դա “սպիտակ տենդ” է, որի ժամանակ անոթների սպազմ է առաջանում: Պատճառ կարող են հանդիսանալ կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքները, հեղուկի պակասը, ցածր ճնշումը և այլն:
Պետք է անել հետևյալը:
• Փորձեք երեխային նոշպայի կես հաբ տալ և ձեռքով ինտենսիվ շփեք երեխայի սառը վերջույթները: Հաշվի առեք, որ ջերմիջեցնող միջոցները ամբողջությամբ չեն ազդի, մինչև չանցնի անոթների սպազմը: Ցանկալի է շտապօգնություն կանչել:
• Արգելվում է ցանկացած տիպի ֆիզիկական սառեցում՝ շփումներ, թաց շորով թրջոցներ և այլն: Առանց այդ էլ ձեր երեխայի մոտ մաշկի անոթների սպազմ է: