Տարիներ առաջ Հայաստանում բիզնես ոլորտում կանանց ներկայությունը հազվադեպ էր: Մեր օրերում գնալով ակտիվանում են բիզնեսով զբաղվող կանայք: Ամսագրի, բիզնեսմիջավայրի և այլ հարցերի մասին Mediamall.am-ը զրուցեց Business Magazine ամսագրի հիմնադիր Կարինե Շահվերդյանի հետ:
- Ինչպե՞ս որոշեցիք մտնել բիզնես ոլորտ, հատկապես' բարդ գովազդային շուկա, որտեղ կայանալը չափազանց դժվար է:
- Նախ նշեմ, որ գովազդի ոլորտ ես մուտք եմ գործել 2007 թվականին: Լինելով բարդ' այդ ոլորտը նաև չափազանց հետաքրքիր էր ինձ համար, քանի որ այդ ոլորտում ես կարողացա ներդնել իմ աշխատանքային ողջ ներուժը, դրսևորել ուժեղ կամային հատկությունները և ձևավորել նպատակներ սահմանելու և դրանք իրագործելու մարդկային բնավորության գիծը:Բիզնես ոլորտ մտնելու որոշումը չի եղել ակնթարթային և ինքնանպատակ: Տարիների աշխատանքի, ձեռք բերված հարուստ փորձի և գովազդի աշխարհի մշտական մոնիթորինգի արդյունքում հասունացան իմ աշխատանքը բիզնեսի վերածելու մտքերը:
- Ինչպիսի՞ ճանապարհ եք անցել։
- Ցանկացած նոր գաղափարի իրականացման սկզբնական փուլը բավականին դժվար է: Սակայն դժվարություններն ընթացքում հաղթահարվում են' վերածվելով բնականոն աշխատանքային գործընթացի:
- Այսօր Ձեր ամսագիրն ամենաբրենդային ամսագրերից է' շքեղ, գունավոր։ Կարողանո՞ւմ եք միաժամանակ բարձր որակ ապահովել և գումար վաստակել:
- Թող մեծամիտ չհնչի, բայց' այո:
- Հմայիչ և նրբագեղ լինելն օգնո՞ւմ է առաջընթացի հարցում։ Ի՞նչ դեր ունի հմայքը բիզնեսում և քաղաքականության մեջ:
- Անկեղծ ասած, քաղաքականության վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ երբևիցե չեմ առնչվել քաղաքական դաշտի հետ: Իսկ ինչ վերաբերում է բիզնեսին, ապա, ըստ իս, առավել կարևոր հատկությունները բիզնեսում բարեկիրթ լինելն է և մարդկային հմայք ունենալը:
- Քանի որ Ձեր ամսագիրը հենց բիզնես ոլորտի մասին է, հե՞շտ է շփվել այս ոլորտի մարդկանց հետ։
- Ինչպես սկզբում նշեցի, իմ բիզնեսը հիմնված է տարիների ընթացքում ձեռք բերված փորձի վրա, որի արդյունքում ձևավորվել է գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ շփման կուլտուրան, մոտեցման սկզբունքները և բանակցային հմտությունները, որոնք էլ և ապահովում են իմ այսօրվա հաջողությունը:
- Հայաստանում կի՞ն, թե՞ տղամարդ բիզնեսմեններն են գերակշռում։
- Անկեղծ ասած, վիճակագրական հստակ տվյալների չեմ տիրապետում, սակայն ուրախությամբ կարող եմ ասել, որ նկատելի է կին բիզնեսմենների կայացման տենդենցը:
- Ինչպե՞ս եք վերաբերվում բիզնես-վումեն և կին-ղեկավար տարանջատմանը: Մեր երկրում հե՞շտ է կայանալ որպես կին բիզնեսմեն։
- Բիզնես-վումեն և կին-ղեկավար բնորոշումները, ըստ իս, գրեթե նույնն են: Ես, ըստ էության, տարանջատում չեմ գտնում, քանի որ բիզնես-վումենը նաև ղեկավար է, որը կառավարում է իր բիզնեսը, իսկ կինը, որը ստանձնում է ղեկավարի դերը, ինքնըստինքյան անմասն չէ բիզնես պրոցեսներից և ամենաանմիջական առընչությունն ունի բիզնեսի կառուցման, կայացման և զարգացման հարցերում, անկախ նրանից' այդ բիզնեսը իրեն է պատկանում, թե' ոչ:
- Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։
- Այո’, ամսագրի կարգախոսն է. «Բիզնեսը Հայաստանում գտել է իր ամսագիրը»:
- Եթե ընտրության առաջ կանգնեք' ընտանի՞ք, թե՞ բիզնես։
- Միանշանակ` ընտանիք: