Մերի Հակոբյանին հեռուստադիտողն առաջին անգամ տեսավ «Կյանքից առավել» հեռուստասերիալում, որից հետո նա նկարահանվեց «Հարազատ թշնամի» սերիալում, և ինչպես նա է նշում, այն իրեն ճանաչում բերեց: Ունի  հաղորդավարական կրթություն և փորձ: Պլաստիկ վիրահատությունների չի դիմել, փոխարենը ոճային փոփոխություն է արել և փոխել վարսերի գույնը: Քչերն էլ գիտեն, որ ժամանակին զբաղվում էր պրոֆեսիոնալ բասկետբոլով և ունի բազմաթիվ պատվոգրեր և մեդալներ: Դերասանուհին այժմ նկարահանվում է ԱՏՎ հեռուստաընկերության «Աբելի քույրը» հեռուստասերիալում: BlogNews.am-ը զրուցել է դերասանուհու հետ` շրջանցելով միայն անձնական հարցերը, քանի որ նա չի սիրում անձնականի մասին խոսել:

««Հարզատ թշնամի» հեռուստասերիալը ինձ ճանաչում բերեց, որից հետո էլ եղան մնացած առաջարկները: Հարազատ թշնամի սերիալում իմ կերպարը դրական էր, իսկ «Աբելի քույր»-ը սերիալում բացասական էր, և սա լավ առիթ է հեռուստադիտողին ներկայանալու ուրիշ կերպարով և խաղով: Չեմ կարող ասել, որ բարդություններ եղել են, բայց կերպարը գունավոր դարձնելու համար աշխատանքներ արվել են»:  

Դերասանուհին իր բոլոր հմտություններով ներկայանում է սերիալում: Ասում է, որ ջանք չի խնայում մարդկանց հուզելու համար. «Երբեմն սեփական հոգեվիճակս չխնայելով՝ փոխանցում եմ հույզերս իմ հեռուստադիտողին և կարծում եմ՝ ստացվում է: Չեմ վախենում, որ հասարակության մեջ կհիշվեմ որպես «լացող» կերպար, քանի որ առջևում դեռ շատ ժամանակ կա և չխաղացած դերեր։ Մարդկանց, ովքեր ունեն այդ կարծիքը, ես հակառակը կհամոզեմ»:

Նա նաև հերքում է իր և Հակոբ Հակոբյանի սիրավեպի մասին լուրերը, որոնք պարզապես ասեկոսեներ էին: «Մենք պարզապես լավ ընկերներ և գործընկերներ ենք։ Հակոբի հետ չափազանց հեշտ է աշխատելը»:

Մերին ունի հաղորդավարական, ռեժիսորական կրթություն, բայց ոչ դերասանական: Նա պատմում է, որ հաճախ է մերժել սերիալներում նկարահանվելու առաջարկները. «Լավ ռեժիսոր լինելու, դերասանի հետ ճիշտ աշխատելու համար պետք է տիրապետել դերասանական հմտություններին: Իհարկե, շատ առաջարկներ եմ մերժել, բայց որոշեցի հմտանալ այս ասպարեզում, քանի որ հստակ գիտեի՝ դա իմն է: Որպեսզի լուրջ գիտելիքներով ներկայանամ հեռուստադիտողին, ընդունվեցի Արտաշես Ալեխանյանի դերասանական դպրոցը և խաղացի վերջինիս բեմադրած «Հիմա էլ լռենք» ներկայացման մեջ»:

Դերասանուհին տաբուներ չունի, բայց նաև սկզբունքային է դերերի ընտրության հարցում. «Եթե կինոինդուստրիան Հայաստանում այնքան զարգանա և այն ընկալումը, որ սա ֆիլմ է, և դերասանը իր աշխատանքի մեջ է, և կընդունվի իմ ժողովրդի կողմից, ես կնկարահանվեմ այն տեսարաններում, որտեղ ռեժիսորը ինձ տեսնում է»:

Դերասանուհու համար առաջ գնալու լավագույն տարբերակը աշխատասիրությունն է և սերն այն աշխատանքի հանդեպ, որն անում է. «Ես չունեմ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, ովքեր աջակցել են ինձ: Պետք է ասեմ նաև, որ չեմ էլ տառապում հեռուստատեսային մոլուցքով։ Ճանաչում ունենալ փոքրիկ Հայասատանում և դա համարել մեծ հաջողություն՝ ինձ համար ծիծաղելի է: Ես սիրում եմ իմ գործը և մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից»:

Մերին համացանցում բավականին ակտիվ է, հաճախ է Ինստագրամում տեղադրում հատվածներ իր խաղից. «Դա իմ աշխատանքն է, գուցե մարդիկ ժամանակ չեն ունենում հետևել սերիալի զարգացումներին հեռուստատեսությամբ: Ես տեսանյութերը տեղադրում եմ իմ երկրպագուների փոքրիկ բանակի համար և փորձում եմ աշխատանքս հասանելի դարձնել նաև վիրտուալ տիրույթում»: Դերասանուհու տեղադրած տեսանյութներից մեկն էլ, որտեղ նարգիլե է ծխում, բացասական քննադատության է արժանացել. «Մենք ապրում ենք փոքր քաղաքում, որտեղ քողարկել մեր նախասիրությունները գրեթե անհնար է և կարիք էլ չկա, որովհետև սա նորմալ է և վերջիվերջո, յուրաքանչյուրիս ընտրությունը: Ես շատ լավ գիտեմ՝ ինչը կարող է սխալ ընկալվել, և երբեք թույլ չեմ տա և առիթ բացասական ասեկոսեներ իմ անվան շուրջ»:

Շարունակելով համացանցում ակտիվ լինելու թեման՝ դերասանուհու տեղադրած լուսանկարներից էլ պարզ դարձավ, որ նա զբաղվում է նաև հանդիսավարությամբ. «Առաջարկներ լինում են, մեծ մասը չեմ կարողանում ընդունել սերիալում նկահարանվելու պատճառով: Նպատակ չունեմ հանդիսավարի գործով գումար վաստակելու, առաջին առաջարկը պարզապես հրավեր էր, որին շատ քիչ ժամանակ ունեի պատրաստվելու: Սպասելիքներս արդարացվեցին, քանի որ շատ հեշտ և լավ անցկացրեցի առաջին միջոցառումը, որից հետո եղան մյուս հրավերները»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի