Սուրճ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն օր աշխարհում խմվում է մոտ 2 միլիարդ 250 միլիոն գավաթ սուրճ: Ավստրալական կլիմայագիտության ինստիտուտի մասնագետները գտնում են, որ սուրճի սիրահարներին դժվարին օրեր են սպասվում: Աշխարհի սուրճի մատակարարման 70 տոկոսը կազմում է Արաբիկա տեսակի սուրճը, որը ստացվում է արաբական սուրճի ծառից: Արաբիկան համի և բույրի առումով առաջատար է, սակայն այդ բույսը շատ քմահաճ է: Այն աճում է բարձրլեռնային արևադարձային գոտում՝ օդի 18-21 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Գիտնականները ֆիքսել են, որ Արաբիկայի հայրենիքում՝ Եթովպիայում, վերջին 45 տարիներին ջերմաստիճանը բարձրացել է 1,3 աստիճանով: Զգայուն բույսերի համար դա արդեն կրիտիկական ջերմաստիճան է: Արտադրողները ստիպված կլինեն արաբիկան փոխարինել ռոբուստա տեսակով, որի համային որակները զիջում են Արաբիկային:

 

Պատճառը՝ գլոբալ տաքացում Ժամկետները՝ Մեքսիկայի սուրճի տնկարանների մեծ մասը կվերանա մինչև 2020 թվականը: Հետո հերթը կհասնի Նիկարագուային ու Տանզանիային: Արդեն 2050 թվականին սուրճ աճեցնելու համար պիտանի տարածքները կկրճատվեն 50 տոկոսով: Մնացած տնկարաններում կաճեցնեն հիմնականում ցածրորակ սուրճի հատիկներ: Այս հարյուրամյակի վերջում սուրճը Երկրի երեսից չի վերանա, սակայն որակյալ ըմպելիքը ոսկու արժեք կունենա և կդառնա դելիկատես՝ ընտրյալների համար: Բանան Շուրջ 15 հազար տարի առաջ մարդիկ սկսեցին օգտագործել բանան: Այն աշխարհի ամենահին սննդային մշակաբույսերից է: Համային որակները բարելավելու նպատակով բանանի տեսակներին ընտրողաբար էին մոտենում, և հազարամյակների ընթացքում այս մրգի գենետիկական բազմազանությունը հասցվեց նվազագույնի: Արդյունքում՝ բանանը անպաշտպան մնաց զանազան վնասատուների ու մակաբույծների առջև: Անցյալ դարի կեսերին բանանի ամենահայտնի տեսակը՝ Գրո Միշելը, փաստացի ոչնչացավ «պանամական հիվանդություն» անունով սնկերի պատճառով: Այս տեսակին փոխարինելու եկավ Կավենդիշը՝ հենց այն բանանը, որն այսօր ուտում ենք: Դրանք այնքան քաղցր ու բուրավետ չեն, ինչքան Գրո Միշելը, բայց հիվանդությունների հարցում ավելի դիմացկուն են: Այսուհանդերձ, 1992-ին գիտնականները ֆիքսեցին նոր սնկային հիվանդության տարածումը, որի դեմ Կավենդիշ բանանն անզոր է: Այն արդեն վերացրել է Մերձավոր Արևելքի, Ավստրալիայի և Արևելյան Ասիայի տնկարանները: Պատճառը՝ գյուղատնտեսական վնասատուների մուտացիա Ժամկետները՝ այսօր մենք բանան ենք ուտում Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մնացած տնկարանների հաշվին: Բայց կենսաբանները գտնում են, որ Կավենդիշ բանանը 10 տարուց կվերանա Երկրի երեսից: Մինչ այդ մասնագետները հուսով են ստանալ բանանի նոր տեսակ: Մասնագետների մի մասն էլ պնդում է, որ այդ նոր բանանը կլինի անհամ և բարակ կեղևով:

 

Մեղր Մեղուների սատկելու առաջին զանգվածային դեպքը գրանցվեց ԱՄՆ-ում՝ 2006 թվականին: Միջատները առանց ակնհայտ պատճառների հեռանում էին իրենց փեթակներից: Մեղուների պաշտպանության համաշխարհային ֆոնդի տվյալներով՝ ամեն տարի մահանում է Ամերիկյան մեղուների 30-35 տոկոսը: Այնուհետև այդ միտումը նկատվեց Եվրոպայում: Սկզբում հետազոտողները դա կապեցին բջջային կապի աշտարակների կառուցման հետ: Որոշ գիտնականներ կարծիք հայտնեցին, որ էլեկտրամագնիսական ճառագայթումը բացասաբար է ազդում մեղուների վրա, և նրանք չեն կարողանում գտնել ճանապարհը դեպի փեթակը: Սակայն այս միտքը չունեցավ գիտական հիմնավորում, քանի որ մեղուներն իրենց հիանալի են զգում աշխարհում բջջային կապերով ամենածանրաբեռնված երկրում՝ Ճապոնիայում: Պատճառը՝ մինչև վերջ հայտնի չէ Ժամկետը՝ մասնագետների հաշվարկներով, եթե մեղուների մահվան տեմպերը պահպանվեն, ապա մարդիկ առանց մեղր կմնան 2035 թվականին: