Լարիսա Ռայանի անունն ու ձայնը երաժշտասերներին հայտնի դարձավ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ «Արի իմ Սոխակ» կատարումից, բայց քչերը գիտեն, որ Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների որդու՝ Կարինի կինը «Teach For Armenia» կրթական ծրագրի հիմնադիրն ու ղեկավարն է։ Լարիսան ամուսնությունից հետո կրում է ամուսնու ազգանունը։ Ապրելով ու կրթություն ստանալով արտերկրում՝ երկու տարի աշխատել է Արիզոնա Նահանգի Ֆենիքս քաղաքում' որպես հատուկ կրթության ուսուցիչ, «Կրթություն Ամերիկա» ծրագրի շրջանավարտ է, 2013-ին վերադարձել է Հայաստան ու ստեղծել համաշխարհային ճանաչում ունեցող կրթական ծրագրի հայկական մոդելը։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է իր արմատների, նորաստեղծ ընտանիքի, աշխատանքի մասին եւ ոչ միայն։
Հարսանիքը' Միացյալ Նահանգներում
Ես ու Կարինն ամուսնացել ենք այս տարվա հունիսի 26-ին՝ Ֆրեզնոյում։ Հարսանիքի վայրն ու եկեղեցին պատմական է. Կարինի գերդաստանը՝ նախապապը, պապիկը, հայրը, հորեղբայրները պսակադրվել են հենց այդ եկեղեցում։ Հարսանիքը փոքր-ինչ արագ պլանավորեցինք. քանի որ եկեղեցում միակ ազատ օրը հունիսի 26-ն էր, մենք էլ միանգամից օրը նշանակեցինք։ Մայրիկիս հետ հիշեցինք, որ տատիկիս ծննդյան օրն է, ինչ-որ խորհրդանշանական բան կար։ Իսկապես հրաշալի անցավ, երգեցի «Սարերի հովին մեռնեմ»-ը, զարմացա, որ երեխաներից սկսած բոլորը գիտեն… Հեքիաթային պահ էր, սպասում եմ, որ տեսանյութերը դիտեմ ու վերապրեմ այդ հիանալի օրը։
Սերժ Թանկյանի հետ երգելու մասին
Թանկյանի հետ ծանոթացել եմ Կարինի միջոցով, երբ նա նկարահանում էր «1915» ֆիլմը, Սերժն էլ սաունդթրեքի հեղինակն է։ Կարինն առաջարկեց հեռախոսով ձայնագրել իմ ձայնը, որ ուղարկի նրան, ես էլ երգեցի «Արի, իմ Սոխակ»-ը։ Ինձ համար անսպասելի էր, որ հավանելով իմ կատարումը, Սերժը հիմնվեց վոկալիս վրա, որովհետեւ պրոֆեսիոնալ երգչուհի չեմ։ Հետո Լոս Անջելեսի նրա ստուդիայում ձայնագրեցինք: Երեւի Աստծո կողմից այդպես էր որոշված, Կարինի թիմն էլ նկարահանեց հոլովակը։ Չեմ կարծում, թե պրոֆեսիոնալ երգչուհի կդառնամ, բայց շատ եմ սիրում երգել եւ կցանկանամ համատեղել հիմնական գործիս հետ։ Սիրում եմ հայկական ու իռլանդական հին երգերը։ Այնքան ոգեւորված եմ, որ մարդիկ, եւ ոչ միայն հայ, հավանել են մեր կատարումը, նույնիսկ ազգությամբ ղազախ ընկերուհիս ասաց, որ իր բալիկը սիրում է «Արի, իմ Սոխակ»-ի ներքո քնել։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: