Երեկ Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերում հունահռոմական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն: Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց կուբացի Դանիել Լուգո Կաբրերային:
Փայլուն հաղթանակը մեր ըմբիշը եզրափակեց փայլուն ժեստով՝ Արթուր Ալեքսանյանն իր հաղթանակը նվիրեց սահմանապահ զինվորներին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Օլիմպիական չեմպիոնի շապիկին պատկերված էր ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը:
Wnews.am-ը շնորհավորում է բոլորիս հաղթանակի առիթով և ներկայացնում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ընտանիքը:
Արթուրը գյումրեցի է: Ծնվել է 1991 թվականին, հոկտեմբերի 21-ին: Նախորդ երկու տարիների Հայաստանի լավագույն մարզիկն իր քաշային կարգում աշխարհում լավագույններից մեկն է: Ալեքսանյանն աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է: Լոնդոնի Օլիմպիական խաղերում հայ ըմբիշը բավարարվեց միայն բրոնզե մեդալով, բայց մասնագետներից շատերը Ալեքսանյանից ոսկե մեդալ էին ակնկալում արդեն այս Օլիմպիական խաղերում և նա, փաստորեն, հուսախաբ չարեց: Մարզասերների շրջանում Արթուրին ճանաչում են որպես «Ճերմակ արջ»:
Չեմպիոնի հայրը նաև նրա մարզիչն է` Գևորգ Ալեքսանյանը. «Արթուրն ընդհանրապես չի սիրում պարտվել, ծանր է տանում պարտությունները: Ես միշտ ասում եմ, որ հաղթելուց եւ շնորհավորանքներ ստանալուց հետո, պետք է արագ մոռանալ դա եւ նախապատրաստվել հետագա մրցաշարերին: Նույնը պետք է լինի նաեւ պարտության դեպքում»,-ասում է նա:
Հայրը նշում է. «Արթուրի հաջողություններն ինձ համար եւ՛ մարզչական տեսանկյունից, եւ՛ ծնողական տեսանկյունից հպարտություն եւ երջանկություն է»:
Իր շիկահեր , կապուտաչյա որդու մասին հայրն ասում է. « Հայերը կապուտաչյա և շիկահեր են եղել, ճիշտ այնպես, ինչպես Արթուրինն է, և նրանք, ովքեր այդ մասին չգիտեն, ուրեմն հայոց պատմություն չգիտեն» :
Արթուրի մայրը՝ Շողիկ Ալեքսանյանը, աշխատում է Գյումրու քաղաքապետարանում: . « Ես Արթուրի մարտերին չեմ կարողանում հետևել, հուզվում եմ, միայն որոշ ժամանակ անց եմ համարձակվում նայել» ,-ասում է նա:
Արթուր Ալեքսանյանն ամուսնացած չէ: Խոսելով ապագա կնոջ մասին՝ չեմպիոնն ասում է. « Ես դեռ ամուսնացած չեմ եւ ընտրյալ չունեմ, բայց երբ ինձ ապագա հարսնացու գտնեմ, նա չի լինի սպորտի ներկայացուցիչ, չի լինի մարզուհի եւ կապ չի ունենա մարզաշխարհի հետ: Չեմ ցանկանա, որ կինս լինի աշխարհի, Եվրոպայի չեմպիոնուհի եւ այլն: Թող զբաղվեն սպորտով, բայց ծանրամարտը, բռնցքամարտը եւ այլ ուժային մարզաձեւերը թողնեն տղամարդկանց»:
Ըմբշամարտի հայկական դպրոցի ամենատիտղոսակիր ըմբիշը չի սիրում լրագրողների հետ զրուցել, սիրում է ֆուտբոլ խաղալ և գյումրեցուն հատուկ հումոր ունի: Թալիսման չունի, միակ բանը որ միշտ հետն է` խաչն է: «Այն ինձ հետ է ամենուր»,-ասում է Արթուրը:
Պարգևեներ
- Մովսես Խորենացու մեդալ (2012)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2014)
- 2015 թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար պարգևատրվել է«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: