«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ծածանելու պատճառով Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ/EBU) նախազգուշացումը դժգոհություն և զայրույթ է առաջացրել սոցցանցերի օտարերկրյա շատ օգտատերերի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանցից շատերը մեղադրել են Եվրոպական հեռարձակողների միությանը երկակի չափորոշիչներով առաջնորդվելու մեջ:

 

«Նա պարզապես ցույց է տվել դրոշը, ապա խոսել խաղաղության մասին... Ինչո՞ւ են մարդիկ սրանից այսքան մեծ աղմուկ հանում: Դա տարօրինակ է և կեղծավոր... Հատկապես Ադրբեջանի կողմից»,- նշել է Գուտիեր Դեսքամփսը:

 

Օգտատերերից մյուսը՝ Լուպչո Նեչովսկին, հույս է հայտնել, որ այս միջոցադեպը կավարտվի միայն փոքր տուգանքով, ինչպես տեղի ունեցավ 2009 թվականին, երբ 43 ադրբեջանցիներ պետության կողմից հետապնդումների, քաղաքական ու հոգեբանական ճնշումների սկսեցին ենթարկվել Հայաստանի օգտին քվեարկելու համար: «Թեպետ այդ ժամանակ խնդիրն իսկապես շատ լուրջ էր, սակայն միայն Ադրբեջանը 3 հազար եվրո տուգանք վճարեց: ԵՀՄ-ն պարբերաբար երկակի ստանդարտներ է կիրառում Եվրոպական հեռարձակողների միության անդամ տարբեր երկրների նկատմամբ: Կարծում եմ՝ նրանք արդեն վաղուց կորցրել են վստահելիությունը որևէ միջազգային միջոցառում կազմակերպելու հարցում: Ամոթ քեզ, ԵՀՄ»,- նշել է Նեչովսկին:

 

Օգտատերերից մյուսը՝ Վանեսա Մորգանը, գրել է. «Ադրբեջանը պետք է անհանգստանա իր իրական սահմանների ներսում մարդու իրավունքների խնդիրների առնչությամբ' իր սահմաններից դուրս գտնվող երկրի դրոշի մասին անհանգստանալու փոխարեն»:

 

«Ուելսի դրոշը կարելի է, իսկ Լեռնային Ղարաբաղինը' ո՞չ: Դու կամ հանդուրժող ես կամ ոչ: Եվ այս պահին, հարգելի ԵՀՄ, դու պարզապես կեղծավոր ես»,- նշել է Յոհանա Քրիստինա Ռադոշը:

 

Մեկ այլ օգտատեր' Լուկաս Ռիչարդ Սանդֆորդն իր զարմանքն է հայտնել, թե այդ ինչպես է Ադրբեջանն աղքատիկ գումարով տուգանվում Հայաստանի օգտին քվեարկողներին հետապնդելու համար, մինչդեռ Հայաստանին սպառնում են պատժամիջոցներով:

 

Սամուել Մուրանսկին ևս հիշեցրել է Հայաստանի օգտին քվեարկողների ձերբակալելու Ադրբեջանի փորձառությունը՝ ամոթի խոսքեր հնչեցնելով ԵՀՄ հասցեին:

 

«Բրավո Հայաստան, հարգանքներս: Թող ամեն ոք ասի այն, ինչ ցանկանում է: Բրավո, Իվետա, նա շատ ազնիվ է»,- գրել է Էլենա Գրատչենկոն:

 

«Ազատ եղիր քո դրոշի հետ: Իվետան այս տարի լավագույն ներկայացումն է ունեցել: Հայաստանը կհաղթի»,- նման կարծիք է հայտնել Վիսենտե Ֆերնանդեսը:

 

Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանի հանրային հեռարձակողին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու համար: Եվրոպական հեռարձակողների միությունը նշել է, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությունն իրեն կդնի այս և հետագա տարիներին մրցույթից որակազրկվելու ռիսկի առաջ: Հայաստանի նկատմամբ դրոշը ցուցադրելու համար պատժամիջոց կկիրառվի մինչև այս տարվա հունիսը: