Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն է տարածել, ըստ որի «Եվրատեսիլ» երգի մրցույթի դրոշների քաղաքականությունը փոփոխության է ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության համաձայն` մի շարք մասնակից պատվիրակությունների հետ կառուցողական զրույցներից հետո մրցույթի կազմակերպիչները որոշում են կայացրել թուլացնել դրոշն երի քաղաքականության խստությունը և թույլատրել ազգային, տարածաշրջանային և տեղական դրոշների մասնակցությունը ևս:

 

Նախապես թույլատրված են եղել ՄԱԿ-ի անդամ երկրների, ԵՄ-ի և ծիածանի գույներով դրոշները: 

 

Եվրոպական հեռարձակողների միությունը նաև առաջարկել է ավելի հանդուրժողական մոտեցում այլ դրոշների նկատմամբ, քանի դեռ հանդիսատեսը կհարգի մրցույթի ոչ քաղաքական բնույթն ու դիտավորյալ չի փորձի դրոշներով փակել տեսախցիկների տեսարանը:

 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա դրոշների քաղաքականության համաձայն Արցախի դրոշը արգելված դրոշների ցանկում էր: Ավելի ուշ Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն էր խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել էր «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը: Հայտարարության մեջ նշվել էր, որ հրապարկվել է միայն դրոշների վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որը հրապարակման ենթակա չէր: