Իտալացի հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր, համաշխարհային մեծության աստղ Էրոս Ռամազոտին համերգային շրջագայության ընթացքում 55 համերգ կտա բազմաթիվ երկրներում, և Հայաստան կժամանի Կրասնոդարից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց համերգի կազմակերպիչ Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության տնօրեն Զառա Մխեյանը:

 

«Trident Music, Global Communications և Forpostart Production ընկերությունները հրավիրում են ռոմանտիկ բալլադի արքա էրոս Ռամազոտիի արվեստի իրական երկրպագուներին՝ մեր քաղաքում կայանալիք նրա միակ համերգին, որը «Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակներում տեղի կունենա ապրիլի 26-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Վառ, խարիզմատիկ, տաղանդավոր. այսպես են հաճախ արտահայտվում իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի մասին: Նրա յուրաքանչյուր բեմելը հմայում է հանդիսատեսին: Նա աշխարհի լավագույն համերգասրահների ցանկալի հյուրն է: Նրա կենսագրության էջերը զարդարում են աշխարհահռչակ լավագույն երգիչների հետ համագործակցությունը: Նա զուգերգեր է կատարել Անդրեա Բոչելիի, Թինա Թյորների, Շերի, Ռիկի Մարտինի հետ»,-նշեց Զառա Մխեյանը:

 

Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության տնօրենի խոսքով'Ռամազոտիի ժողովրդականության գաղտնիքը նրա երգերի անկեղծության և խորաթափանցության, գեղեցիկ ձայնի և յուրահատուկ տեմբրի, դերասանական անկրկնելի հմայքի և բացառիկ երաժշտականության մեջ է:

 

«Ռամազոտիի յուրաքանչյուր համերգ՝ Մոսկվայում, Հռոմում, Նյու-Յորքում կամ այլ ցանկացած քաղաքում, անկրկնելի է: Նրա շոուները ապշեցնում են իրենց հուզականությամբ և գունեղությամբ: Ես վստահ եմ, որ այն Երևանի համար կդառնա ջերմության և բարության տոն: Ես հրճվում եմ, երբ մեր համերգների ընթացքում հայ հանդիսատեսը ասես գտնվում է այլ հարթությունում: Օրինակ, «Սառույցի թագավորները» սառցե շոուի ժամանակ ես հետևում էի հանդիսականին և բերկրանք ապրում, հասկանալով, որ մենք երջանկություն ենք սփռում»,-շեշտեց Զառա Մխեյանը:

 

Նրա խոսքով'Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերը պահանջված են ամենուր:

 

«Բոլորն, ովքեր ձեռք են բերում Ռամազոտիի համերգի տոմս, վստահ են, որ իրենց սիրելի արտիստը երգելու է յուրաքանչյուրի համար՝ շռայլորեն նվիրելով հանդիսատեսին իր իտալական տաքարյուն խառնվածքը, արվեստն ու տաղանդը: Իր կարիերայի ընթացքում երաժիշտը վաճառել է ավելի, քան 40 միլիոն ձայնասկավառակ և այս պահին համարվում է երաժշտական աշխարհի ամենահաջողակ իտալացի երգիչներից մեկը»,-հավելեց Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության տնօրենը:

 

Նա շքեղ համերգային ծրագիր է խոստանում երգչի երկրպագուներին:

 

«Շքեղ համերգային ծրագրի ընթացքում կհնչեն իտալացի երգչի հայտնի և սիրված հիթերը: Նրա ալբոմները մշտապես եվրոպական և ամերիկյան հիթ-շքերթների վերին հորիզոնականներում են: Ահա արդեն երկու տասնամյակ Էրոս Ռամազոտիի ցանկացած համերգ, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է այն անցնում, հավաքում է հազարավոր երկրպագուների, որոնց գերում են հրաշալի երգչի մեղեդային ու յուրահատուկ կատարումները»,-ընդգծեց Զառա Մխեյանը:

 

Նա վստահ է'Ռամազոտիի համերգը կլինի մայրաքաղաքի երաժշտական կյանքի առանցքային իրադարձություններից մեկը:

 

«Էրոս Ռամազոտին համերգային շրջագայության ընթացքում կտա 55 համերգ բազմաթիվ երկրներում. Իտալիայից մինչև Պորտուգալիա: Իսկ Հայաստան նա կժամանի Կրասնոդարից: Նրա շոուն առանձնանում է իր թափով և տեխնիկական բացառիկությամբ: Շոուի ձևավորման համար օգտագործվելու են հինգ փողոցային հին լապտերներ, ճաքճված ասֆալտի էֆեկտով ճանապարհ, արվարձանին բնորոշ տարրեր, ինչպես նաև պատառոտված գովազդային պաստառ, որն իրականում հսկայական էկրան է, որի վրա համերգի ամբողջ ընթացքում ցուցադրվելու են փաստագրական կադրեր և ուղիղ միացումներ համերգից»,-հավելեց Մխեյա նը:

 

Կազմակերպչի հավաստմամբ'շոուի սարքավորումները դժվարությամբ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմում ավելի քան 90 մարդ է ընդգրկված: