«Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալի հիման վրա՝ սյուժետային փոփոխություններով, նկարահանվել է համանուն գեղարվեստական ֆիլմ:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի PR մենեջեր Ծովինար Կարապետյանն ասաց, որ գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է սերիալի մոտիվներով և ընդգծեց, որ ֆիլմը սերիալի խտացված տարբերակը չէ:
«Գրվել է նոր սցենար, սյուժետային նոր գիծ է զարգացել, փոփոխությունների է ենթարկվել նաև դերասանական կազմը»,- նշեց Կարապետյանը:
Վերջինս նշեց, որ նոյեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը կցուցադրվի հայաստանյան բոլոր կինոթատրոններում:
Ի դեպ, կլինեն նաև ֆիլմի ռուսական և ամերիկյան պրեմիերաներ:
Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց նկարահանել գեղարվեստական ֆիլմ, Կարապետյանը նշեց.
«Ժամանակին ֆիլմը բավական բարձր ռեյտինգ ուներ, բարձր դիտելիություն, ու մինչ օրս էլ, կարծում եմ, այդ ցուցանիշն անգերազանցելի է մնացել: Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշեց, որ հաջող սցենարը հաջող գեղարվեստական ֆիլմի կարող է վերածվել, իսկ թե ինչքանով հաջողեց, մարդիկ կգնահատեն:
Ամեն դեպքում, հայկական կինոարտադրության մեջ կարևոր գործ է արվում՝ ստեղծվում է ժանրային բազմազանություն: Ֆիլմը ոչ թե կատակերգական ժանրի է, այլ դրամա է:
Լուրջ աշխատանք է տարվել և՛ ռեժիսորական աշխատանքի, և՛ դերասանական խաղի առումով. պրոֆեսիոնալների խումբ է աշխատել:
Ֆիլմն ամեն հարցով, կարծում եմ, կգոհացնի հանդիսատեսին»: