Ամբողջ աշխարհում ապրող միլիոնավոր հայերի մեծամասնության համար հարազատ են կամ գոնե ծանոթ են «Շախ տուր հայկական» երգի բառերն ու երաժշտության հնչյունները։ Իսկ թե ով է իրականում երգի հեղինակն ու կատարողը, գրեթե ոչ ոք չգիտե։ ԼՈՒՐԵՐ.com-ն այս առթիվ զրուցեց երգի կատարող Արթուր Դավթյանի հետ:
- Արթուր, պատմեք Ձեր կարիերայի մասին, ինչպե՞ս որոշեցիք վերադառնալ երգարվեստ:
- Տարիներ առաջ շատ ավելի ակտիվ էի զբաղվում երգարվեստով: Հետո եկավ ժամանակ, և սկսեցի այլ աշխատանքով զբաղվել, որը շատ ժամանակ էր պահանջում:
Աշխատանքիս ոլորտը բոլորովին կապ չուներ երգարվեստի հետ, ինչի հետևանքով կտրվեցի իմ սիրած աշխատանքից: Հանդիսատեսն ինձ՝ որպես երգիչ Արթուր Դավթյան, չտեսավ մոտ 10 տարի: Սակայն, այդպես երկար շարունակվել չէր կարող, քանի որ ես մեծ հոգևոր բավարարվածություն և հաճույք ստանում եմ միայն երգարվեստով զբաղվելուց:
Եկավ ժամանակ, և հասկացա, որ մարդը պետք է զբաղվի իր սիրած գործով:
Ես երգելու եմ և խոստանում եմ հանդիսատեսին նոր գեղեցիկ երգեր և տեսահոլովակներ:
- Ո՞ր ժանրն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
- Ճիշտն ասած՝ չէի ասի, որ ունեմ նախընտրած ժանր: Կան ինձ համար հոգեհարազատ երգեր և երաժշտություն՝ տարբեր ժանրերից էլ:
- Ձեր՝ «Շախ տուր հայկական» երգը շատերին է հայտնի։ Ուրախ միջոցառումներին այն հաճախ կարելի է լսել, բայց շատ քչերը գիտեն՝ ով է երգի հեղինակը: Ինչպե՞ս պատահեց, որ որոշեցիք երգին նոր շունչ հաղորդել և նոր տեսահոլովակով հանդես գալ:
- Ի ուրախություն ինձ և իմ ընկերների, ովքեր համահեղինակ են այս երգի՝ Գևորգ Շողերյան և Հովիկ Ստեփանյան, «Շախ տուր հայկական» երգն իրոք սիրվեց շատերի կողմից: Խոսքս 2002 թվականի մասին է:
Այն, կարելի է ասել, դարձավ շատ հայ ընտանիքների ուրախության մասնիկը, անկախ նրանց բնակության երկրից։
Մենք մեր առջև չէինք դրել խնդիր՝ ստանալու մի երգ, որը պետք է լիներ իր հստակ երաժշտական չափի մեջ, տեխնիկապես զարմացնող կամ լցված լիներ հարուստ հնչյունային տեսականիով, ընդհակառակը՝ միտքն այն էր, որ ստեղծվեր մի երգ, որը կբնութագրի մեր հայկական ուրախությունը՝ թե՛ իր պարզությամբ, և թե՛ իր ձևով: Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց:
Իսկ թե ինչպես որոշեցինք երգին նոր շունչ հաղորդել, ասեմ, որ կարծում եմ, որ պետք չէ մնալ հնի մեջ, պետք է կարողանանք պահպանելով հինը, սիրվածը՝ մատուցենք այն նորովի:
Կարծում եմ՝ դա է պատճառը, որ մենք նոր շունչ տվեցինք երգին, նոր գործիքավորմամբ մատուցեցինք այն մեր հանդիսատեսին, դրա լավագույն տարբերակը տեսահոլովակն է:
- Պատմեք տեսահոլովակի ստեղծման մասին: Ո՞ր ընկերության հետ եք համագործակցել, ո՞վ է տեսահոլովակի ռեժիսորը։
- Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Սահյանն է: Համագործակցել եմ ACCORD Production-ի հետ: Չմոռանամ ասել, որ ամբողջ նկարահանումները կատարվել են ամենաբարձր որակի տեխնիկայով, որի արդյունքում ստացել ենք պատկերի չափազանց բարձր որակ:
- Որտե՞ղ և ինչպե՞ս են կատարվել նկարահանումները. կարո՞ղ եք հիշել որևէ զվարճալի կամ հիշարժան դրվագ՝ նկարահանումներից։
- Նկարահանումները կատարվել են Երևանում, այնուհետև՝ Դիլիջանում, որին մասնակցել են մեծ թվով մարդիկ՝ ճանաչված դերասաններ, պարողներ, երաժիշտներ և նկարահանող անձնակազմը:
Մոտ 40 հոգով ուղևորվեցինք Դիլիջան: Նկարահանումները տևել են մոտ 2 օր: Դե դուք պատկերացրեք՝ ինչքան հետաքրքիր և ուրախ կանցներ ժամանակն այնտեղ, որտեղ հավաքված էին այդքան հայտնի, սիրված և հումորով մարդիկ:
- Ի՞նչ նորությունների կարող ենք սպասել Ձեզանից մոտ ապագայում։
- Մոտ ապագայում, իսկ ավելի կոնկրետ՝ մինչ նոյեմբերի վերջ, սպասվում է ևս նոր երգ և տեսահոլովակ: Տեսահոլովակի մասին, եթե թույլ կտաք, դեռ չեմ խոսի, միայն կասեմ, որ այս 2 երգերը լիովին տարբերվում են այն ոճից, որով ինձ արդեն ճանաչում են:
Երգերի հեղինակները Ռիչարդ Մադլենյանը և Անահիտ Մխիթարյանն են: Ի դեպ, այս անգամ ևս համագործակցում եմ ACCORD Production-ի հետ:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորին, ում շնորհիվ այսօր հնարավոր եղավ իմ կատարումները հասանելի դարձնել ժողովրդական լայն զանգվածների համար, ինչպես նաև իմ երկրպագուներին, ովքեր մշտապես աջակցել են ինձ և սպասել նոր ստեղծագործությունների։