Թուրքական ծագում ունեցող գերմանացի կիոնռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին, ցուցադրության դուրս կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ֆիլմը կսկսի ցուցադրվել սեպտեմբերի 18-ից Լոս ԱնջելեսÕ « և Նյու Յորքի կինոթատրոններում:

 

«Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու' Նազարեթ Մանուկյանի մասին, ով կորցրել է իր ընտանիքը և տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել: Նա սկսում է երեխաների փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք: Գլխավոր հերոսին մարմնավորել է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: 15,5 մլն եվրո բյուջեով և 138 րոպե տևողությամբ «Սպի» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականի մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում:

 

Ֆիլմի ստեղծմանն աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: «Սպի» ֆիլմն ամփոփում է Ֆաթիհ Աքինի «Սեր, մահ և չարք» եռապատումը: Այն ռեժիսորի առաջին մեծ միջազգային նախագիծն է, որի արտադրությանը մասնակցել է յոթ երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան, Ռուսաստանը: Ֆիլմը հայկական կինովարձույթում է հայտնվել 2015 թվականի փետրվարի 19-ին: Այն ցուցադրվել է նաև Թուրքիայի կինոթատրոններում: