Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում անցկացվող համերգը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:

 

Երեկոյի ընթացքում հնչեն Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ը, Ռախմանինովի «Դաշնամուրի թիվ 3 կոնցերտ»-ը և Բեթհովենի «Թիվ 2 սիմֆոնիա»-ն:

 

Համերգը կկայանա վերաբացված Արամ Խաչատրյան համերգասրահում: Որպես դիրիժոր հանդես կգա ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

 

Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկեց սեպտեմբերի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացված համերգով, որի ընթացքում Ֆիլհարմոնիկը ելույթ ունեցավ հանրաճանաչ ջութակահար Վադիմ Ռեպինի հետ:

 

Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Որոշ համերգներ կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնի հյուրերի թվում է նաև ճանաչված ալտահար Քիմ Քաշքաշյանը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Այն կեզրափակվի հոկտեմբերի 28-ին: