Օգոստոսի 11-ին տեղի է ունեցել «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» գեղեցկության մրցույթը, որին մասնակցել են աշխարհի տարբեր քաղաքներից հայրենիք ժամանած շուրջ երկու տասնյակ գեղեցկուհիներ:

 

Ավանդաբար անցկացվող գեղեցկության մրցույթի մասնակիցները հանդիսատեսին և ժյուրիի անդամներին են ներկայացել երեկոյան զգեստներով և պատասխանել տրված հարցերին:

 

Ելույթներից հետո ժյուրիի անդամները գնահատել են մասնակիցների արտաքին տվյալները, իրենց հարցերին վերջիններիս հնչեցրած պատասխանները: Որոշ ժամանակ անց ամփոփելով գնահատականները՝ ժյուրին հայտարարել է առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած գեղեցկուհիների անունները:

 

«Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» տիտղոսին արժանացել է Թբիլիսին ներկայացնող Դիանա Տումանովան՝ 116 միավորով: 1 միավոր պակաս է ստացել Ալեքսանդրիան ներկայացնող Մերի Հարությունյանը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լոս Անջելեսից ժամանած Լիլիթ Արվահին՝ 112 միավորով:

 

Մրցույթի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած գեղեցկուհիները կպարգևատրվեն օգոստոսի 13-ին՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ: