« «ԵՍ» ձեզ հրաժեշտ եմ տալիս

 

Մոտ 10 տարի գոյություն ունեցող երիտասարդական ժամանցային «Ես»-ն արդեն պատմություն է: Թե՛ տպագիր ամսագրային ոլորտում, թե՛ որպես ինտերնետ կայք, այն տարիներ շարունակ եղել է առաջինն ու բացառիկը՝ թե՛ իր լսարանի ծավալով, թե՛ նյութերի բացառիկությամբ: Հայկական շոու-բիզնեսի ողջ աստղաբույլը միայն «ԵՍ»-ին էր վստահում առաջինը հանրությանը իրազեկելու և իրենց կյանքի ամենանվիրական իրադարձությունների մասին պատմելու հնարավորությունը: Տասնյակ հազարավոր ընթերցողներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում սրտատրոփ սպասել են մեր ամսագրի ամեն մի թողարկմանը: «Ես»-ի հեռախոսահամարն ու էլ. փոստերը երբեք չեն լռել, ֆեյսբուքյան էջերն ունեն ամենաշատ հետևորդը, քան ժամանցային որևէ այլ լրատվամիջոց Հայաստանում: «Ես»-ի երիտասարդական, ուսուցողական նյութերով մի քանի սերունդ է կյանք մտել, և մեր հավատարիմ ընթերցողների հետ ցայսօր կապը պահպանվում է:

 

Սակայն այսօր մենք ստիպված ենք ներողություն խնդրելու և հայտնելու, որ ձեր ու մեր սիրելի «Ես»-ն այլևս չի գործելու, այն այլևս պատմություն է: Մենք ցանկանում ենք ձեզ հրաժեշտ տալ որպես սիրված, սպասված, շատ քննարկված մի լրատվամիջոց: «Ես»-ն իր գոյության ողջ ընթացքում եղել է մրցակցությունից դուրս, վաճառքի և դիտումների քանակով՝ անգերազանցելի: Մեր ոչ մի մրցակից չի կարողացել հաղթահարել այն Ռուբիկոնը, որը մենք ենք անցել գոյության առաջին իսկ ամսում: Որպես ամսագիր՝ ունեցել ենք ավելի քան 15.000 տպաքանակ, որպես կայք՝ ունեցել ենք 10-յակ հազարավոր դիտումներ:
Ներկայիս լրատվական աղբը թույլ չի տալիս գործունեություն շարունակելու, քանզի չես կարող մրցակցել մեդիա աղբ հրամցնող կայքերի հետ, որոնք հանուն լայքի պատրաստ են ամեն բան հրապարակելու: Նշենք նաև, որ երբևէ ոչ մի լայք չենք գնել:

Մյուս կողմից՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանները, ամեն բան մի քանի ընտանիքի ձեռքում կենտրոնացած լինելը, ինչի արդյունքում եթե այդ ընտանիքների շահերը սպասարկող լրատվամիջոց չես, մատնված ես չֆինանսավորման ու գովազդային վաակումի: Մի խոսքով, խնդիրները շատ են, որոնցից կփորձենք ձեզ զերծ պահել, և հայտնել միայն այլևս չգործելու լուրը: Շատ մեծ ցավով ձեզ հրաժեշտ ենք տալիս, սակայն վստահաբար ասում' դեռ կհանդիպենք….

 

Հ.Գ. Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր «Ես»-ի պատմության մի մասնիկն են եղել. թե՛ աշխատակազմը, թե՛ ընթերցողները, թե՛ այն մարդիկ, ովքեր միջնորդ էին խմբագրության և ընթերցողի միջև: Բոլորիդ հոգաչափ շնորհակալ ենք:

 

Անի Քոչար՝ «ԵՍ»-ի հիմնադիր»: