Պամելա Անդերսոնը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ նամակի տեքստի՝ ամերիկյան աստղը, ով ակտիվորեն աջակցում է շրջակա միջավայրի պաշտպանությանը, խնդրել է Ռուսաստանի ղեկավարին կանգնեցնել Winter Bay նավը, որը տեղափոխում է հազվադեպ ծովային կաթնասուն` կետի 1700 տոննա միս: Այժմ նավը գտնվում է Նորվեգիայի ափերին և կուղևորվի Հյուսիսային ծովային ճանապարհով: Այս մասին գրում է LifeNews-ը:

 

Անդերսոնի նամակը հրապարակվել է SEA Shepherd կազմակերպության կայքում:

 

Պամելան ահազանգել է, որ նավով 1700 տոննա այնպիսի ձկան միս է տեղափոխվում, որը ոչնչացման վտանգի առաջ է: Նամակում նշվում է, որ նման բեռնափոխադրումը հակասում է Անհետացող կենդանատեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիային:

 

Անդերսոնն Իսլանդիային մեղադրել է միջազգային իրավունքի նորմեր խախտելու համար, իսկ Պուտինին կոչ արել թույլ չտալ, որ այդ բեռներով նավն անցնի Ռուսաստանի տարածքային ջրերով:

 

Նամակում նշվում է, որ ներկա դրությամբ նավը Նորվեգիայի Տրոմսե քաղաքում է և Ռուսաստանից տարանցման թույլտվություն է սպասում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով Ճապոնիա հասնելու համար: