Երգիչ, երգահան Րաֆֆի Ալթունյանին ESem.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է. երգիչ-երգահանը վերջերս էլ նոր զուգերգ-տեսահոլովակ ներկայացրեց, որը կոչվում է «Հեքիաթիս աղջիկ»: Օրերս մեզ հայտնի է դարձել, որ Րաֆֆին Արցախյան ազատամարտին նվիրված նոր ֆիլմում հանդես կգա նաև որպես դերասան: «Երկար վերադարձ» ֆիլմը դեռ նկարահանման ընթացքում է, որի ռեժիսորը Շավարշ Վարդանյանն է:

 

Րաֆֆին ոչ միայն խաղում է նշված ֆիլմում, այլև գրել է դրա սաունդթրեքը: «Ֆիլմի երաժշտությունը գրելու առաջարկը ստացել եմ դրա պրոդյուսեր, իմ ավագ ընկեր Հրաչ Մեսրոպյանի կողմից: Իսկ սաունդթրեքի խոսքերի հեղինակը էլի իմ լավ ընկեր Արթուր Սաֆարյանն է»,- մանրամասնեց Րաֆֆին և ավելացրեց, որ ֆիլմում մարմնավորում է հրազդանցի Խաչիկին:

 

«Ողջ դերասանական կազմը պրոֆեսիոնալներ են, իսկ ես չունեմ այդ փորձը: Պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ առաջին անգամ էի նկարահանվում գեղարվեստական ֆիլմում: Փորձել եմ ամեն ինչ անել և ճիշտ կերտել նրանց հոգեվիճակը: Թե որքանով է դա ստացվել ինձ մոտ, կարծում եմ՝ հայտնի կլինի ֆիլմի ավարտից հետո»,- նշեց Րաֆֆին:

Տեղեկացնենք, որ «Երկար վերադարձ» ֆիլմում նկարահանվում են նաև սիրված դերասաններ Արմեն Մարգարյանը, Սարգիս Գրիգորյանը, Արմեն Պետրոսյանը, Գնել Ուլիխանյանը, հեղինակային երգերի կատարող, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը և այլք:

 

Առաջիկա նորությունների մասին խոսելիս՝ երգահանն ասաց, որ բազմաթիվ մտքեր ու ծրագրեր ունի, որոնք կիրագործվեն առաջիկայում:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը