Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիայի հագուստի դիզայն բաժնի ուսանողուհի Ժոզեֆինա Մուսախանյանը, վերջին շրջանում մասնակցելով միջազգային մրցույթների, կարողանում է մեր երկրի պատիվը բարձր պահել՝ զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականները: Այս երիտասարդ աղջկա ստեղծած հավաքածուն հիացմունքի է արժանանում ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ժոզեֆինա Մուսախանյանը պատմեց ինչպես իր մասնակցած մրցույթների, բազմաթիվ դիպլոմների, այնպես էլ հենց իր աշխատանքի՝ «Քարահունջի քրմերի» մասին:
- Ժոզեֆինա, որո՞նք են այն մրցույթները, որոնց մասնակցել եք և հաղթել:
- Առաջին մրցույթին մասնակցել եմ «Քարահունջի քրմերը» հավաքածուով: Այդ կերպ փորձել եմ ցույց տալ, որ Քարահունջը շատ ավելի հին է, քան, օրինակ, եգիպտական բուրգերն ու անգլիական Սթոունհենջը: Ուրախ եմ, որ իմ այդ հավաքածուն հենց սկզբից հաջողություն ունեցավ: Առաջին մրցույթը, որին մասնակցեցի, Մոսկվայում էր՝ դեկտեմբեր ամսին, կոչվում էր «II-й Евразийский Конкурс Высокой Моды Национального Костюма «ЭТНО-ЭРАТО»», որտեղ ես մրցում էի կայացած դիզայներական տների հետ: Մրցույթը ոչ ուսանողական էր և առանց տարիքային սահմանափակման: Կազմակերպիչները մուսուլմաններ էին, ժյուրին նույնպես բաղկացած էր հիմնականում մուսուլմաններից:
Փառք Աստծո, հաջողություն ունեցա՝ հետին պլանում թողնելով Ադրբեջանի ներկայացուցչին: Հետաքրքրական էր նաև այն, որ գլխավոր հովանավորներից մեկը Ռուսաստանում Ադրբեջանի միությունն էր, բայց նրանք զբաղեցրեցին միայն երկրորդ հորիզոնականը, թեև շատ լավ լուսաբանեցին և հպարտացան երկրորդ տեղով: Այդտեղ ես ստացա նաև դիպլոմ՝ «Совет Союза Диаспор Российской Федерации За оригинальное мышление и творческое новаторство начинающего кутюрье» (օրիգինալ մտածելակերպի համար), ևս մեկը՝ Դիզայներների Միջազգային Միության նախագահի կողմից:
Ավելի ուշ՝ ապրիլ ամսին, Եկատերինբուրգում անցկացվեց «ДИЗАЙН-ФОРМА 2015» երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթը, որտեղ իմ հավաքածուն կրկին գրավեց առաջին տեղը: Եվ վերջապես, ի լրումն այս ամենի, օրերս Հայաստանում կայացած Արտ Ֆեստ Հանրապետական Երիտասարդական երրորդ բաց փառատոնին «Քարահունջի քրմերը» դարձավ Ոսկե մրցանակակիր: Եվ հաղթանակների, կարծես, այս շարքը եզրափակեց «ԳԱԱԱ նորաձևություն 2015» ուսանողական մրցույթը, և կրկին հավաքածուն արժանացավ առաջին մրցանակի: Փաստորեն, «Քարահունջի քրմերը» հաղթեց երկու միջազգային մրցույթում և նոր միայն մասնակցեց հանրապետական մրցույթների, սովորաբար, հակառակ պրոցեսն է լինում: Այսպիսով, «Քարահունջի քրմերը» չորս անգամ զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
- Այդ մեկ հավաքածուով կարողացել եք բազմաթիվ հաջողությունների հասնել: Պատմեք խնդրեմ՝ ո՞րն է այդ աշխատանքի առավելությունը, ի՞նչ նպատակ ունի և ի՞նչ դիզայներական լուծումներով է հագեցած:
- Նպատակս է եղել չիրազեկված հասարակությանը հասցնել այն փաստը, որ Քարահունջի աստղադիտարանը սովորական գերեզմանատուն չէ, ինչպես կարծում են շատերը, այլ մարդկային քաղաքակրթության լուրջ ձեռքբերում: Փորձեցի պատմությունը համադրել նորաձևության հետ, նորովի բացահայտեցի Քարահունջը և նրա ճարտարապետական առեղծվածը:
Գունային գամմայի, գործվածքի ընտրության և ֆակտուրայի համար հիմք են հանդիսացել մամռակալած քարերը և լեռնային բնապատկերները: Հագուստների մեջ ամփոփված են բազալտի խորդուբորդ գեղեցկությունը և խստությունը: Մուգ տոներին հաջորդում են բաց երանգները, շագանակագույնն ու մոխրակապույտը, կանաչն ու ոսկեգույնը: Արծաթագույնն ու որդան կարմիրը ստեղծում են ինքնատիպ տրամադրություն: Հագուստների ոսկեգույն և արծաթագույն երիզները հակադրվում են խստաշունչ տոներին, զուսպ գունային գամման և գունային պլաստիկ լուծումները մոնումենտալ նկարագիր են տալիս հագուստներին:
- Ժոզեֆինա, ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք զբաղվել մոդելավորմամբ:
- Ինքս մեծացել եմ արվեստի միջավայրում: Դեռ շատ փոքր տարիքից նկարում էի հայտնի երգչուհիներին, դերասանուհիներին՝ իմ պատկերացրած զգեստներով, տիկնիկներս ևս բազմապիսի հագուստների խնդիր չեն ունեցել: Ավելի ուշ, արդեն դպրոցական տարիքում՝ 12-13 տարեկան, հարևանուհիներս սիրով հագնում էին իմ էսքիզներով կարված հագուստները: Միշտ հետևում էի նորաձևության ցուցադրություններին, երազում էի դառնալ հագուստի մոդելավորող: Այս ամենի սկիզբը դրվեց, երբ ընդունվեցի Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիա: Հպարտությամբ պիտի նշեմ, որ հաջողություններիս գրավականը ԳԱԱԱ-ի պրոֆեսիոնալ դասախոսական կազմն է, ի դեմս ռեկտոր Է.Սեդրակյանի և հագուստի դիզայնի ամբիոնի վարիչ Գայանե Կիրակոսյանի, ում շնորհիվ էլ կարճ ժամանակահատվածում ես լուրջ հաջողությունների հասա: Բախտս բերել է, որ իմ կողքին է այդ հրաշալի կինը, հրաշալի մասնագետը: Ես իրենից շատ-շատ բան եմ սովորում:
- Հագուստի ո՞ր տիպն է, որ երբեք չեք ստեղծի:
- Երբեք չեմ մտածել ստեղծել այնպիսի հագուստներ, որոնք կարելի է տեսնել ցանկացած խանութում: Ես, եթե ստեղծում եմ հագուստ, պետք է լինի օրիգինալ:
- Եվ որպես վերջաբան...
- Իմ խորին համոզմամբ՝ նորաձևությունը մարդկային պատմության վերծանումն է, և որքան հնանում է պատմությունը, այնքան կատարյալ է դառնում այն նորաձևության վերածելու շնորհքը: