Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանի հոր՝ Ռոբերտ Քարդաշյանին նվիրված հարգանքի տուրքի միջոցառումն առիթ է հանդիսացել, որպեսզի Daily Mail-ը Քարդաշյաններին ու Հայաստանին նվիրված ծավալուն հոդված հրապարակի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակ ոչելով dailymail.co.uk կայքը, «The Armenian Bar Association» կազմակերպությունը հարգել է Քիմ Քարդաշյանի երջանկահիշտակ հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին, ով մահացել է 2003 թվականին քաղցկեղից:
Քիմը և իր քույր Քորթնին՝ իրենց զարմուհիների հետ մասնակցել են միջոցառմանը: Քիմն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է միջոցառման լուսանկարներից և գրել. «Շնորհակալ եմ «The Armenian Bar Association»-ին՝ իմ հոր հիշատակը հարգելու համար»: Քիմի հրապարակած մեկ այլ նկարում պատկերված են միջոցառման մասնակից Քարդաշյանններն ու իրենց զարմուհիները:
Asbarez.com-ն էլ տեղեկացրել է, որ երեկոյի ընթացքում հատուկ մրցանակ է շնորհվել Ռոբերտ Քարդաշյանին՝ սահմանադրական իրավունքի համար պայքարում ունեցած ավանդի համար:
«Armenian Bar Board»-ի անդամներ Ջերարդ Վ. Քասաբյանը և Վաննա Կիթսինյանը նշել են, որ իրենց համար պատիվ է ողջունել Քարդաշյան ընտանիքի անդամներին, և շնորհակալություն են հայտնել նրանց՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի համար:
Daily Mail-ը նաև նշել է, որ Քիմն ու Քլոեն ապրիլին այցելել են Հայաստան՝ իրենց հայկական արմատներին ծանոթանալու համար, հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Պարբերականը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին, ինչպես նաև այն փաստին, որ Քարդաշյաններն այցելել են ցեղասպանության հուշահամալիր և Հայաստանի ազգային արխիվ: