Ռուսական СТС հեռուստաալիքով հեռարձակվող «Վերջինը Մագիկյաններից» հեռուստասերիալի գաղափարը, որը հայ տղամարդու և ռուս կնոջ ամուսնության մասին է, ավելի հաջող է ստացվել, քան ակնկալվում էր: Գլխավոր դերակատար, հայտնի դերասան Հրանտ Թոխատյանի խաղին, ով սերիալում կատարում է տեխսպասարկման կայանի սեփականատեր Կարեն Մագիկյանի դերը, հետևում են ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում: «Экспресс газета»-ն Երևանում հյուրընկալվել է արտիստին:

 

- Ձեր ընտանիքը տուժե՞լ է ցեղասպանությունից:

- Ավագ որդուս՝ Արամի 20-ամյակին նրան եմ փոխանցել մեր նախնիների Կարսի տան բանալիները: Մենք տուն չունենք, սակայն կան բանալիները: Ես եմ գտել: Կարսում ոչինչ չի փոխվել: Թուրքերը նոր տներ այնտեղ չեն կառուցում: Հասկանում են, որ յուրաքանչյուր հայ ծնվում է գենետիկ հիշողությամբ. սա իմ հայրենիքն է, և մի օր ես կվերադառնամ այնտեղ... Նախնիներիս տանն ապրում են քրդեր: Ներկայիս տերերը հյուրասեր են, միրգ, թեյ հյուրասիրեցին, սակայն տուն մտնել չթողեցին: Իհարկե, ինձ համար ցավալի էր: Իմ պապը պատահական է ողջ մնացել. նա եղբոր հետ գործերով Կարսից դուրս է եկել նախքան կոտորածը սկսվելը: Ավելի ուշ պապիկը վերադարձել է և դուրս բերել ընտանիքը: Հեռանալիս նա փակել է իր տան դռներն այդ բանալիով, որոնք ես պահում եմ մինչ օրս:

 

- Գիտեմ, որ ակտիվ մասնակցություն եք ունենում Լեռնային Ղարաբաղի զարգացման գործում:

- Ես այն մարդկանցից մեկն եմ, ով դիմել է երկրի նախագահին և ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն: Կարծում եմ, որ եթե մենք ազատագրել ենք այն, պետք է զարգացնենք: Ես մասնակցում եմ բարեգործական մարաթոնին, որը կազմակերպում է «Հայաստան» հիմնադրամը՝ կենտրոնը Լոս Անջելեսում: Սակայն վերջին տարիներին ՌԴ հայկական սփյուռքն ավելի շատ գումար է տալիս, քան ամերիկյանը:

 

- Սերիալում Դուք քարոզում եք ընտանեկան արժեքները, բայց Դուք ունեք երեք երեխա տարբեր կանանցից:

- Ես երջանիկ տղամարդ եմ: Այսօր իմ երեխաների միջև այնպիսի փոխհարաբերություններ են, որ պարզ չէ, թե արդյոք նրանք նույն կերպ ընկերություն կանեին, եթե մեծանային նույն ընտանիքում: Իմ բոլոր ամուսնությունները տարօրինակ են: Քանի որ նորմալ մարդկանց մոտ կա սիրահարվածության շրջան: Ինձ մոտ նման բան չի եղել: Երբ ես 27 տարեկան էի, ընկերներս ասացին. «Ինչո՞ւ ես միայնակ: Մեզ մոտ թատրոն գալիս է մի աղջիկ, նստում առջևի շարքում, ներկայացումից հետո քեզ մի ծաղիկ նվիրում, իսկ հետո փախչում: Նա, կարծես թե, սիրում է քեզ: Ամուսնացի՛ր նրա հետ»: Եվ մենք գնացինք նրա ձեռքը խնդրելու: Ներս մտանք բակ և ասացինք. «Եկել ենք ձեր դստեր ձեռքը խնդրելու»: Աղջկա հարազատները բահերով հարձակվեցին մեզ վրա, այնպես որ, մենք հազիվ փախանք: Գալիս ենք ընկերոջս տուն և ահա վերադառնում է նրա կինը ընկերուհու հետ: Ռաֆիկն էլ ասում է. «Իսկ ի՞նչ ենք վազում ամբողջ գյուղով: Նա նույնպես քեզ սիրում է: Իդեալական կին է: Ամուսնացի՛ր»: Եվ այդ երեկո մենք գնացինք Արուսյակի ձեռքը խնդրելու, և ինձ չմերժեցին:

 

- Իսկ Իրինա Դանիելյանի հետ, ինչպե՞ս է դա տեղի ունեցել:

- Մենք Միացյալ Նահանգներ էինք մեկնում շրջագայության, երբ պարզվեց, որ ինքնաթիռի շասիները չեն բացվում: Եվ ահա, ինձանից չորս շարք այն կողմ նստած Իրինան, ով այդ ժամանակ սովորում էր թատերական դպրոցում, ասում է. «Եթե դուք՝ Հրանտը, հենց հիմա ինձ ամուսնության առաջարկ անեք, շասիները կբացվեն»: Ես վերցրի խոսափողը և հանդիսավորությամբ խնդրեցի նրա ձեռքը: Մենք բարեհաջող վայրէջք կատարեցինք: Սան Ֆրանցիսկոյում ես ստիպված էի պահել իմ խոստումը: Միասին ապրել ենք տասը տարի, մեկ որդի ունենք:

 

- Իսկ երրո՞րդ անգամ:

Լուիզայի հետ ամուսնացել եմ միայն այն պատճառով, որ գիշերը նրան կարիճը կծել է և սատկել: «Ես մտածեցի՝ ինչ վտանգավոր կին է: Ինձ գրավում է վտանգը»:

 

- Ձեզ հաջողվե՞լ է փոխհարաբերությունները պահպանել նախկին կանանց հետ:

- Երբ ամուսնացել է իմ ավագ որդին, բոլոր 3 կանայք գնացել են հարսի «ձեռքը խնդրելու», քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել նրա դաստիարակության հարցում:

Երազում եմ ևս մի որդի ունենալ. 60-ամյակիս ինքս ինձ նման նվեր կմատուցեմ: