Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան 1998 թվականից ի վեր առաջին անգամ համերգ կտա Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի Մշակույթի պալատի նախագահ Դավիթ Օքիտաշվիլին:

 

«Ալլա Պուգաչովան մտադիր է ամուսնու հետ Վրաստան ժամանել հոկտեմբերին և այստեղ անցկացնել բարեգործական համերգ»,- Օքիտաշվիլիի խոսքը մեջբերել են տեղական ԶԼՄ-ները: Նրա խոսքով՝ «ներկայումս բանակցություններ են ընթանում Ալլա Պուգաչովայի Թբիլիսի այցելությունը կազմակերպելու շուրջ»:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Վրաստանի մայրաքաղաքում ռուսական էստրադայի պրիմադոննայի վերջին համերգը կայացել է 1998 թվականի նոյեմբերին: Այն ժամանակ համերգին ներկա է եղել շուրջ 9 հազար հանդիսական: Վրաստանում երգչուհու առաջին ելույթը տեղի է ունեցել 1979 թվականին:

 

2009 թվականի ապրիլին Պուգաչովան հայտարարել էր, որ բեմին հրաժեշտ տալու և արտասահմանյան շրջագայության շրջանակներում մտադիր է ելույթ ունենալ նաեւ Վրաստանում, սակայն այդ ուղեւորությունն այդպես էլ չկայացավ: