«Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Տանոյի սիրելիին` Սաթենին մարմնավորած դերասանուհին շատ հեռուստադիտողների հետաքրքրությունը շարժեց. ով է նա և ինչպես է հայտնվել հեռուստաեթերում:

 

ESem.am-ի հետ զրույցում Մերի Հակոբյանը նշեց, որ առաջին մասնագիտությամբ ռեժիսոր է. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա բաժինը, իսկ մագիստրոսական ուսումն ստացել է ԵՊՀ-ի Մշակութաբանության բաժնում:

 

 

«Սովորել եմ նաև Արտաշես Ալեքսանյանի դերասանական դպրոցում, նաև՝ ավարտել եմ Աբել Աբելյանի Casting School-ի հաղորդավարության բաժինը»,- ասաց Մերին և ավելացրեց, որ որպես ռեժիսոր նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որտեղ և հանդես է եկել որպես դերասան:

 

Բացի դրանից, Մերին թատրոնում հանդես է եկել Արտաշես Ալեքսանյանի բեմադրած «Հիմա էլ իրենք» ներկայացման մեջ, հայկական հեռուստաընկերություններից մեկում վարել «Kino-stop» հաղորդումը:

Սերիալներում նա հայտնվել է Աբել Աբելյանի մոտ սովորելու ընթացքում: «Այդ ժամանակ Աբելը նոր սերիալ էր նկարում և իմանալով, որ ունեմ կրթություն, առաջարկեց ինձ խաղալ Atv-ի նոր սերիալում, որը կոչվում էր «Կյանքից առավել»»,-մմանրամասնեց մասնագիտությամբ ռեժիսոր Մերին:

 

Նրա խոսքով`«Կյանքից առավել» սերիալում նկարահանվելը մեծ փորձ է տվել, որից հետո էլ առաջարկ է ստացել՝ նկարահանվելու «Հարազատ թշնամի» սերիալում: «Այս սերիալում մարմնավորեցի անբուժելի հիվանդ մի աղջկա` Սաթենին, ով լուսավոր ու բարի աղջիկ էր: Պետք է նշեմ, որ սերիալն ինձ ճանաչելիություն տվեց»,- խոստովանեց Մերին:

Վերջինս նշեց նաև, որ այժմ էլ տարբեր առաջարկներ ունի, սակայն դեռ հստակ չէ` դրանցից որը կընդունի. միայն ասաց, որ մոտ ապագայում իր հեղինակային հաղորդումը կվարի, որի մասին ավելի ուշ կխոսի:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը