Հայկական ռոք խմբերը մեկ բեմում հանդես կգան նոր ձևաչափի համերգով: Մայիսի 3-ին «Opium» ակումբում «Որդան կարմիր», «The Beautified Project», «Հայարդ», «Դոգմա», «Նաիրի» ռոք խմբերը հանրությանը կներկայացնեն հետաքրքիր կատարումներ: Նախաձեռնության հեղինակները վստահ են՝ համերգը հաջողությամբ կանցնի:


«Art Place» կազմակերպության տնօրենհամերգի կազմակերպիչ Տիգրան Զալինյանը համերգին ընդառաջ հրավիրված ասուլիսում նշեց, որ իրենք ցանկանում են փորձել ռոք երաժշտությունն ավելի յուրովի ներկայացնել:

 

«Նոր ձևաչափ է ընտրվել: Ամեն մի խմբի կատարում ուղեկցվելու է մնջախային պար-բեմադրությամբ: Այս խմբերըՀայաստանում ամենասիրվածներից են, առաջատար են ու ակտիվ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տիգրան Զալինյանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր խումբ համերգի ընթացքում ներկայացնելու է հինգ կատարում:

 

«Դոգմա» ռոք խմբի անդամ Վարդան Գրիգորյանը հուսով է, որ համերգը հաջողություն կունենա:

«Մեզ համար էլ անակնկալ է, չգիտենք՝ ինչ է լինելու, ողջունելի է, որ նոր մտքերով մարդիկ փորձում են ինչ-որ բան անել»,-նշեց նա:

 

«Հայարդ» ռոք խմբի անդամ Անդրե Վարդանյանը հավելեց, որ  System of a Down-ի համերգից հետո նկատվեց, որ ազգն անկախ տարիքից ու սեռից հավաքվել է ու ուրախանում է ռոք երաժշտության ներքո:

 

«Նաիրի» ռոք խմբի անդամ Արտաշ Դարբինյանը վստահ է՝ հոյակապ միտք էր նման համերգ կազմակերպելը: «Այսքան խմբեր են մասնակցում, հնարավոր չէ, որ չստացվի: Չեմ կասկածում, որ շատ լավ է անցնելու»,-ընդգծեց նա:

 

«The Beautified Project» Արմեն Շավերդյանն  վերհիշեց, որ ռոք խմբերն առաջին անգամ չէ, որ միասին են ելույթ ունենում: «Բազմաթիվ փառատոնների ենք մասնակցել, մենք ունենք տարբեր ոճեր և ներկայացնելու ենք տարբեր գործեր: Ամեն մեկս ունենք մեր հանդիսատեսը՝ գալու են դիտելու»,-նշեց նա:

 

Ռոք խմբերի ներկայացուցիչները նշեցին, որ նման համերգներից նոր գաղափարներ են ծնվում: