Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմը ներկայացվել է Լոս Անջելեսի Եգիպտական թատրոնում (Egyptian Theatre):«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին տեղի է ունեցել կինոնկարի ամերիկյան պրեմիերան: Հրապարակված նկարներից երևում է, որ ֆիլմի ռեժիսորներ ու սցենարի հեղինակներ Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը լոսանջելեսյան պրեմիերայի ընթացքում լուսանկարվել են Հայոց ցեղասպանության վերապրած Եվնիգ Սալիբիանի հետ:
ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ հոգեբանական թրիլերի համար երաժշտություն է գրել ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
«1915» ֆիլմը կհայտնվի նաև հայկական կինոէկրաններին: «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 25-ին: Ֆիլմի պաշտոնական՝ 1915themovie.com կայքը տեղեկացնում է, որ «1915»-ը հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանքի բերել մոռացված ցեղասպանության ուրվականներին:
«Մեկ դար անց՝ 2015 թվականի ապրիլին, միլիոնավոր հայեր կհիշեն այն, ինչը կոչվում է Հայոց ցեղասպանություն՝ ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը և հաջորդ ՝ Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջիայի, Սուդանի ցեղասպանությունների ծրագիրը: Այս ֆիլմը հիշողության մասին է՝ ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է, ինչ է պատահում, երբ դրան ընդդիմանում են: Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը և խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվական ներին»,- նշված է ֆիլմի կայքում:
Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը /կերպարը՝ Սիմոն/, Սեմ Փեյջը /Ջեյմս/ և Անժելա Սարաֆյանը /Անժելա/: Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ», «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից: