«Անավարտ թռիչք» ֆիլմին ESem.am-ն անդրադարձել է: Հայաստանյան պրեմիերայից հետո՝ մարտի 24-ին, ֆիլմը ցուցադրվել է նաև Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հանդիսությունների սրահում՝ Տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի աջակցությամբ և մասնակցությամբ:

 

 

«Մոսկվայում կազմակերպված փակ դիտմանը ներկա էին նաև մշակույթի գործիչներ, կինոգետներ, նաև՝ Մոսկվայում բակվող իմ ընկերները»,- հայտնեց ռեժիսորը, ում խոսքով՝ ռուսաստանյան հանդիսատեսը ևս շատ լավ է ընդունել իրենց աշխատանքը:

 

Մոսկվայում տեղի ունեցած փակ դիտումից հետո ռուսական «Грани кино» ընկերության նախագահ Սերգեյ Նազարովը «Անավարտ թռիչքի» պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ֆիլմը ռուսական շուկայում ներկայացնելու համար:

 

 

«Բնականաբար, շատ ուրախ և հպարտ եմ, որ ռուսական շուկայում կներկայացվի հայկական արտադրություն: Մեր ֆիլմը կթարգմանվի ռուսերեն և 200 օրինակով կցուցադրվի տարբեր քաղաքների դահլիճներում»,- հայտնեց ռեժիսորը:

 

Նրանից տեղեկացանք նաև, որ կինոդահլիճների ցուցադրություններից հետո ֆիլմը կցուցադրվի նաև ռուսական հեռուստաալիքներից մեկով, որի համար բանակցություններ են վարում:

 

 

ESem.am-ը Ելենայից հետաքրքրվեց նաև՝ արդյոք կվերադառնա՞ սերիալներ նկարահանելուն, թե՞ այսուհետև միայն ֆիլմերի նկարահանելու ուղղությամբ կաշխատի:

 

«Անկեղծ ասած, սերիալի առաջարկ չեմ ընդունում, չեմ ուզում այլևս սերիալ նկարահանել. գուցե ընթացքում 16-20 մասից բաղկացած հեռուստանովելներ անեմ, բայց երկարատև սերիալ նկարելու ցանկություն չունեմ»,- նշեց Ելենան և փոխանցեց նաև, որ այժմ երեք ֆիլմի առաջարկ ունի: Ռեժիսորն իր առաջիկա ասելիքի ու նոր ֆիլմի մասին խոստացավ առաջինը մեզ պատմել:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը