Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին «France 2» հեռուստատեսության եթերում խոսել է իր մանկության հիշողությունների և Հայոց ցեցասպանության մասին: «Փարիզի աստվածամոև տաճար» հայտնի մյուզիքլում Ֆեբուսի դերով համաշխարհային ճանաչում ստացած Պատրիկ Ֆիորիի իրական ազգանունը Շուշայանն է: Նա ֆրանսիական հեռուստաալիքի եթերում պատմել էր իր հայկական արմատների մասին:


«Ես էլ եմ Ցեղասպանություն վերապրած: Հորս երկար ժամանակ պահանջվեց, մինչև նա պատմեց մեզ դրա մասին, քանի որ չէր ուզում ցավ պատճառել մեզ: Այդ ժամանակ ես 13-14 տարեկան էի: Դրանից առաջ մեր տանը այդ թեմայի վերաբերյալ արգելք էր դրված: Սակայն, մի օր ես պահանջեցի բացատրել եղելությունը: Նա ինձ ասաց, որ մի գյուղում ընտանիք կար, որի մասին մոռացել էին գյուղում հայերին կոտորողները: Այդ տան բոլոր անդամները աղոթում էին՝ սպասելով, որ իրենց տուն էլ են մտնելու: Սակայն իրենց մասին մոռացել էին, և դա Շուշանյանների ընտանիքն էր», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ֆրանսիական Non-Stop People պարբերականը, ասել է Պատրիկ Ֆիորին:

 

Երգիչ, երգահան Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969թ. Մարսելում: Հայրը` Ժակ Շուշայանն է, մայրը` կորսիկուհի Մարիա-Անտուանետ Ֆիորին: 12 տարեկան հասակում խաղացել է մյուզիքլում: 17 տարեկանում թողարկել է «Ստեֆանի» սինգլը: 1993թ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ֆրանսիան, ուր «Մամա Կորսիկա» երգով գրավել է 4-րդ տեղը: 1994թ. թողարկել է առաջին ալբոմը: 1997թ. երգել է «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որը 1999թ. ընտրվել է որպես «Տարվա լավագույն մյուզիքլ», իսկ «Belle» երգը դարձել է «Տարվա երգ»: Համագործակցել է շատ նշանավոր երաժիշտների հետ: Հյուրախաղերով մի քանի անգամ եղել է Երևանում: