Սույն թվականի մարտի 15-ին Լոս Անջելեսի Wilshire Ebell հայտնի համերգասրահում տեղի ունեցավ «Ես իմ անուշ Հայաստանի» խորագիրը կրող, Արամ Սաթյանին և Սաթյանների երաժշտական գերդաստանին նվիրված համերգ, որի կազմակերպչական հարցերով զբաղվել էր հայ-ամերիկյան Թատերա-երաժշտական միությունը՝ Վիկտոր Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այս կապակցությամբ զրուցեցինք երգչուհի Մարիամ Կարակիյանի հետ, ով իր անմիջական մասնակցությունն է ունեցել այդ համերգին՝ ներկայանալով երգահանի կողմից վերջին ժամանակահատվածում գրված «Կյանքը խաղ է» երգով։


Մարիա՛մ, ի՞նչ ես կարծում՝ կյանքն իսկապես խաղ է։

 

Ինձ համար կյանքը չի կարող խաղ լինել մի պարզ պատճառով, որ այն ինձ համար նվեր է երկնքից, որը պետք է ապրել պատվով։ Ես երբեք չեմ խաղում, ես անկեղծ մարդ եմ, բայց կյանքում մարդիկ հաճախ են խաղում, ցավոք, երբեմն ոչ ճիշտ և անհարիր դեր։

 

Հետաքրքիր է՝ ոչ մի իրավիճակ քո կյանքում երբևիցէ չի՞ ստիպել քեզ, որպեսզի իրավիճակը
շտկելու համար խաղաս կամ ձևացնես։

 

Գիտեք, ես շատ վատ դերասան եմ. ես չեմ կարողանում ստել, դրա համար էլ փորձում եմ այնպես ապրել, որ ստիպված չլինեմ արարքներս կոծկելու համար սուտ խոսեմ։

 

Շեղվեցինք թեմայից. վերադառնանք բուն թեմային՝ ինչպե՞ս անցավ համերգը։

 

Ինչպես գիտեք՝ համեգը նվիրված էր Արամ Սաթյանին եվ Սաթյանների գերդաստանին։ Երեկոյի ընթացքում հնչեցին շատ հայտնի եվ սիրված երգեր։ Ես կատարեցի Մաեստրոյի «Կյանքը խաղ է» երգը հետաքրքիր և յուրօրինակ գործիքավորմամբ, ավելի ժամանակակից ոճով։ Ողջ համերգի ընթացքում մեզ նվագակցում էր Ռոմա Կանյանի նվագախումբը, որի անդամներն իրենց գործի վարպետներն են, և այս համերգն իսկապես յուրօրինակ էր իր տեսակի մեջ։ Շատ ճիշտ էր ընտրված դահլիճը, լուսավորությունը, համերգի բացումը, թեմատիկ գիծը, մի խոսքով՝ հսկայական աշխատանքը տվեց իր արդյունքը, և մենք ինքներս՝ կատարողներով, կարծես վայելում էինք այս համերգը, իսկ դա հազվադեպ է պատահում, երբ երգիչներն իրապես բավարարված են զգում իրենց գործից։


Ովքե՞ր էին մասնակցում համերգին։

 

Հայաստանից համերգին մասնակցում էին Գայանե Հովհաննիսյանը, Նառան, Մհեր Մեսրոպյանը, Նարեկ Մակարյանը, իսկ ԱՄՆ–ից՝ Ռազմիկ Մանսուրյանը, Նառա Հարությունյանը, Անի Քրիստին, Անահիտ Ներսիսյանը, Ռուբեն Թելունցը, Սոնյա Կանը, Հովհաննես Շահբազյանը և Լոնդոնից Դավիթ Սաթյանը՝ պրոֆեսիոնալների մի խումբ, որը ջանք եւ եռանդ չխնայեց համերգն անմոռանալի դարձնելու համար։

 

Հե՞շտ է արդյոք աշխատել Արամ Սաթյանի հետ։

 

Նախ ասեմ, որ ինձ համար շատ հաճելի էր նրա հետ աշխատելը։ Ես իսկապես շատ կարևոր բաներ սովորեցի Արամ Արամիչից, որոնք դեռ կօգտագործեմ իմ կյանքում։ Խոսքը և՛ մարդկային արժեքների, և՛ պրոֆեսիոնալ գործունեության մասին է։ Ես իրականում հիացած եմ մի ամբողջ գերդաստանի բացառիկ տաղանդով։ Համերգի շրջանակներում ծանոթացա նաև Արամ Սաթյանի որդու Դավիթ Սաթյանի հետ, որը մեզ միացավ Լոնդոնից՝ շատ տաղանդավոր դաշնակահար և երաժիշտ, որը նույնպես շատ երգերի հեղինակ է։ Այս համագործակցությունն ինձ համար յուրահատուկ է նրանով, որ ես իսկապես բավարարված եմ արդյունքից, հանդիսատեսը՝ նույնպես։

 

Կթվարկես Ա. Սաթյանի այն երգերը, որոնք քեզ հարազատ են, որոնք քոնն ես համարում և կկատարես նաև հետագայում։

 

Ես միշտ ասում եմ, որ Արամ Սաթյանի երգերն այնքան արդիական են և այնքան խորը, որ երբ լսում ես այնպիսի տպավորություն է, որ կարծես հենց քո մասին է գրված։ Դրա համար ինձ համար դժվար է հիմա որևէ երգի անուն տալ։ Կյանքիս այս ժամանակահատվածում կարծում եմ շատ ճիշտ և տեղին էր ընտրված «Կյանքը խաղ է» երգը, բայց նաև շատ սիրում եմ «Արդյոք հիշում ես», «Ավե Մարիա», «Անձրև» ստեղծագործությունները։ Երևի, եթե հիմա մտածեմ, բոլորն էլ կթվեմ, որովհետև էմոցիոնալ առումով ես ինձ հոգեհարազատ եմ համարում Ա. Սաթյանի բոլոր ստեղծագործությունները։