Մեքսիկայի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքի պատմական հատվածը փակելու են բրիտանացի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող «007. Սպեկտր» նոր ֆիլմի նկարահանումների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Պաշտոնատար անձանց խոսքով՝ Մեխիկոյի բնակիչներին հարկ կլինի ժամանակավոր անհարմարություններին համակերպվել գրեթե երկու շաբաթ: Առաջին փողոցները կսկսեն փակել արդեն այս շաբաթ, իսկ քաղաքում երթեւեկության սովորական ռեժիմը պետք Է վերականգնվի ապրիլի 1-ին: Այն վայրերը, որտեղ տեղի են ունենալու «բոնդապատումի» հերթական Էպիզոդի նկարահանումները, վերաբերում են քաղաքի պատմական հատվածին, որտեղ առանձին շենքեր թվագրված են 17-րդ դարով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել են հոլիվուդյան լրատվամիջոցները, «բոնդապատումի» 24-րդ ֆիլմը, որի նկարահանումներն այժմ ընթացքի մեջ են, սկսվում Է գործողություններով, որոնք տեղի են ունենում Մեքսիկայում: Ընդսմին գաղտնի գործակալի մասին կինոնկարն ստեղծողները Մեքսիկայի իշխանություններից 20 մլն դոլար ընդհանուր գումարի հարկային եւ այլ արտոնությունների երաշխիք են ստացել ֆիլմում «Մեքսիկայի դրական կերպարը» պատկերելու համար:
Մեքսիկական կողմի պահանջների թվում եղել են սցենարով պլանավորված Մեխիկոյի քաղաքապետի սպանության փոխարինումը «միջազգային անձով», ինչպես նաեւ այն բանից հրաժարվելը, որ «գլխավոր չարագործը» լինի մեքսիկացի: Դրա համար, մամուլի վարկածով, կինոնկարն ստեղծողներն ստացել են 14 մլն դոլար: Եվս 6 մլն դոլար Է խոստացվել Մեխիկոյի համայնապատկերի «տպավորիչ եւ ժամանակի առումով տեւական» նկարահանման համար: Ի լրումն՝ պահանջ Է առաջադրվել ֆիլմում մեքսիկացի դերասանուհուն դեր տրամադրելու վերաբերյալ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Մարոկոյում, Մեքսիկայում եւ Ավստրիայում: Կինոնկարի ռեժիսորը Սեմ Մենդեսն Է, բուն գործակալի դերը կխաղա հանդիսատեսի կողմից սիրված Դենիել Քրեյգը, իսկ չարագործինը՝ ավստրիացի Քրիստոֆ Վալցը: «007. Սպեկտր» ֆիլմի միջազգային պրեմիերան նշանակված է 2015 թվականի հոկտեմբերի 23-ին: Սպասվում Է, որ Ռուսաստանում կինոնկարն Էկրան կբարձրանա նոյեմբերի 6-ին: