«World Music Awards»-ը ևս աջակցում է Հայաստանը «Եվրատեսիլ-2015» մրցույթում ներկայացնող «Genealogy» խմբին: WMA-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը զետեղել է խմբի «Face The Shadow» երգի տեսահոլովակը՝ առաջարկելով դիտել այն:

 

Տեսահոլովակը տարածում են նաև հայ աստղերը: «Ժամանակն է «Առերեսվել ստվերին»... Միասին սատարենք մեր թիմին «Եվրատեսիլ»-ում և հասնենք ցանկալի արդյունքի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Արամ MP3-ն:

 

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչներն, այդ թվում' Հայաստանի: «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո' «Face The Shadow» (թարգմանաբար' «Առերեսվի՛ր ստվերին»): Այս փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաեւ` ուժեղացնելու խաղաղության, սիրո եւ միասնության գաղափարը:

 

Մրցույթն այս տարի կկայանա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին' «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո: Հայաստանը մրցույթին կներկայանա «Genealogy» խմբով: