Թուրինի դիզայներները բնակելի տան կառուցման համար օգտագործել են շուրջ 200 կենդանի ծառեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կենդանի դեկորացիան ունի յուրահատուկ գործառույթ. ծառերն ամռանը պաշտպանում են կիզիչ արևից, իսկ ձմռանը արևին թույլ տալիս ջերմացնել:
«Տպավորությունն այնպիսին է, որ ապրում ես ծառի վրա»,- նման կերպ են բնութագրել բացառիկ հինգհարկանի շինությունը, որը գտնվում է իտալական Թուրին քաղաքում: Ճարտարապետ Լուչանո Պիյայի խոսքով' այն կարծես մանկական երազանքների տուն լինի:
Շինության 63 բնակարաններն իրենցից ներկայացնում են իրական քաղաքային ջունգլիներ, ունեն իրենց պատշգամբը՝ զարդարված ծառերով, որոնք տեղադրվել են մեծ տարաների մեջ:
Շինության մեջ ընդգրկվել են 150 ծառ, որոնք տեղադրվել են պատշգամբներում: Եվս 50 ծառ աճում են տան այգում: Կանաչը ստեղծում է իդեալական միկրոկլիմա: