Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը մարտի 5-ին ավիացիոն վթարի է ենթարկվել, երբ նրա ինքնաթիռը գոլֆի խաղադաշտն է ընկել Լոս Անջելեսի արվարձանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Դերասանը ողջ Է, բայց բազմաթիվ վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ գլխի վնասվածք»,- հաղորդել է TMZ ինտերնետ-հրատարակությունը: Այս տեղեկատվությունը հավաստել է Լոս Անջելեսի ոստիկանությունը՝ չհայտնելով օդաչուի անունն ու ազգանունը: Նրա խոսքով՝ աղետի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:      

 

Հարիսոն Ֆորդն սկսել է կինոյում նկարահանվել 1964 թվականին, ավելի ուշ դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող կինոդերասաններից մեկը: Նրան համաշխարհային հռչակ են բերել տիեզերական օդաչու Հան Սոլոյի դերը «Աստղային պատերազմներ» ֆիլմերի սերիաներում եւ արկածախնդիր հնագետ Ինդիանա Ջոնսի դերը:

 

Ֆորդը գլխավոր դերեր է խաղացել հոլիվուդյան շատ ֆիլմերում, որոնք ռեկորդային դրամարկղային մուտքեր են բերել, այդ թվում «Նախագահի ինքնաթիռը» եւ «Փախստականը» ֆիլմերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: