Դիտվել «Սիրո հանգրվաններ…». ահա այս խորագիրն էր կրում բարեգործական համերգը, որը տեղի ունեցավ երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Համերգը, որը նպատակ ուներ աջակցել օնկոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին, նախաձեռնել էր երգահան Մարինե Ալեսը:
Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, մի շարք պաշտոնատար անձինք, դեսպաններ, մշակույթի նվիրյալներ և արվեստասերներ:
«Կադանս» անսամբլի նվագակցությամբ, հնչեցին հեղինակի հին ու նոր ստեղծագործությունները՝ նոր գործիքավորմամբ:
Համերգին մասնակցեցին Դավիթ Ամալյանը, Ֆորշը, Գևորգ Հակոբյանը, Ջանինան, Վահագն Հայրապետյանը, Էդուարդ Հարությունյանը և Ջիվան Գասպարյան կրտսերը: Երգիչների և երաժիշտների կատարումները պարբերաբար հաջորդվում էին հեղինակի ասմունքով:
Բարեգործական երեկոյի գրեթե ավարտին Մարինե Ալեսի, Ֆորշի և Դավիթ Ամալյանի համատեղ կատարումը «ստիպեց» հանդիսատեսին երգն ունկնդրել արդեն հոտնկայս:
Համերգը, որից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է «Նվիրիր կյանք» հիմնադրամին, եզրափակվեց փոքրիկ երգիչ-երգչուհիների կատարմամբ. հնչեց «Նվիրիր կյանք» հիմնադրամի հիմնը՝ «Հույսի նավակ» երգը:
Երգահանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ իր կողքին լինելու համար: Հանդիսատեսն իր հերթին շնորհակալություն հայտնեց՝ չդադարող ծափերի ու ծաղիկների տեսքով: