Դերասան Աշոտ Հակոբյանը հեռուստադիտողներին հայտնի է մի շարք սերիալներից, ֆիլմերից: Աշոտն այժմ նկարահանվում է «Սիրո գերին» սերիալում` մարմնավորելով Հակոբին, իսկ թատերասեր հանդիսատեսը նրան ճանաչում է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմից: ESem.am-ն Աշոտի հետ խոսել է հաջողությունների, թատրոնում ու կինոյում հանդես գալու, որպես ռեժիսոր ներկայանալու և ընտանիքի մասին:

 

 

Կրթություն

Աշոտն ավարտել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի բաժինը:  Դերասանը շատ է կարևորում մասնագիտական կրթությունը: «Փոքրուց կապ եմ ունեցել նախկին «Փոսի» թատրոնի հետ, քանի որ մայրս այնտեղ էր աշխատում: Կարելի է ասել, նայել եմ այնտեղի բոլոր ներկայացումները, բացի այդ՝ դպրոցում խաղացել եմ Հ.Թումանյանի հերոսներին»,-նշեց Աշոտը:

 

Նրա խոսքով՝ «Փոսի» թատրոնում շփվելով դերասանների հետ, ներկա գտնվելով թե՛ փորձերին, թե՛ ներկայացումներին, սիրահարվել է թատրոնին:  «Արդեն ինստիտուտում ծանոթացել եմ այն մարդկանց հետ, որոնց հետ մինչ օրս աշխատում եմ: Թատերականը հնարավորություն տվեց ինձ ներկայացումներ բեմադրել ու ավելի խորանալ այդ մասնագիտության մեջ: Ճիշտ է, կինոռեժիսուրայի ֆակուլտետում էի սովորում, բայց առաջին կուրսի վերջում, երբ բեմադրեցի առաջին ներկայացումս, հասկացա, որ իմը թատրոնն է»,-նկատեց 27-ամյա դերասանը:

 

 

Հաջողություններ

Աշոտն իրեն հաջողակ է համարում, քանի որ ունի սիրելի մասնագիտություն, կայուն ընտանիք, հրաշք փոքրիկ և ազնիվ ընկերներ: «Մասնագիտական հաջողություններս սկսվեցին Հ.Պարոնյանի անվան թատրոն որպես դերասան ընդունվելուց: Ուսանողական տարիներին ուսանող, սկսնակ ռեժիսորներից պարբերաբար առաջարկներ էի ստանում՝ խաղալու իրենց ներկայացումներում, ֆիլմերում (ուսանողական և ոչ միայն):

 

Հերթական անգամ խաղացի ռեժիսոր Հենրի Քոչարյանի «3 գրոշանոց օպերա» ներկայացման մեջ: Հենց այնտեղից էլ ինձ նկատեց բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը ու հրավիրեց աշխատանքի»,-պատմեց դերասանը, ում խոսքով` առաջարկը լսելուց հետո շոկի մեջ է եղել:) «Չեմ կարող ասել, թե ինչ զգացողություն ունեի. դուրս եկա թատրոնից ու մինչև ինստիտուտ հասնելը չէի համբերում` երբ եմ ուրախությունս պատմելու հարազատներիս. սկսեցի զանգել նրանց ու ասել ամենը: Նրանց համար ևս անսպասելի նորություն էր»,- ասաց Աշոտը, ով միանգամից ընդունել է առաջարկը՝ հիշելով, թե ովքեր են խաղացել ու մինչ օրս խաղում այդ թատրոնում:

 

 

«Երիտասարդ թատերախմբի» ստեղծում

Իր հաջողություններից մեկն էլ Աշոտը համարում է «Երիտասարդ թատերախմբի» ստեղծումը: «Ուսանողական տարիներին ընկերներիս հետ որոշեցինք ու հիմնեցինք «Երիտասարդ թատերախումբ», որի շրջանակներում որպես ռեժիսոր մի քանի ներկայացում եմ բեմադրել: Իմ առաջին աշխատանքը եղավ «Կոնտրակտ» ներկայացումը: Երբ ցանկություն հայտնեցի բեմադրել այդ գործը, ընդամենը առաջին կուրսի ուսանող էի, բոլորն ասում էին դեռ շուտ է մեծ ներկայացում բեմադրելու համար, բայց ես կուրսեցիներիս համեմատ տարիքով մեծ էի, փոքրիկ քայլերով առաջ գնալու ժամանակն էր: Նաև ցանկանում էի հասկանալ՝ որպես ռեժիսոր ինձ կինո՞ն է պետք, թատրո՞նը, թե՝ ընդհանրապես այլ մասնագիտություն»,- ասաց դերասանը և վստահաբար նշեց, որ առաջին փորձից հետո հասկացել է, որ իրենը թատրոնն է:

 

«Թատերախմբով մի քանի ներկայացումներ ևս ունեցանք: Բեմադրեցի «40 օր համբառնալուց առաջ» ներկայացումը, որին հաջորդեց «Կրեսոսի թագավորությունը»: Այնուհետև թատերախմբի հիմնադիրներից Հակոբ Միրզախանյանը բեմադրեց «Թութակները վանդակում» ներկայացումը, որտեղ հանդես եկա որպես դերասան: Նշեմ, որ թատերախմբի բոլոր ներկայացումները մասնակցել են տարբեր փառատոնների, հյուրախաղերով հանդես ենք եկել մարզերում ու արժանացել ջերմ ընդունելության»: Ըստ դերասանի` իրենք այս թատերախումբը հիմնել են հետագայում թատրոնի վերածելու նպատակով:

 

 

Թատրոն, ներկայացումներ, ֆիլմեր

Հ. Պարոնյանի անվան թատրոնում Աշոտն այժմ զբաղված է մոտ 15 ներկայացման մեջ: Ունի ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական դերեր: «Մի խոսքով՝ դերասանի համար երանելի կարգավիճակում եմ:)»,-նկատեց նա:

 

Բացի թատրոնի դերերից, Աշոտը մի շարք կերպարներով է հանդես եկել նաև ֆիլմերում («Պապարացի», «Փոքրիկ զորավարը», «Անավարտ թռիչք»), սերիալներում («Անուրջներ», «Էմիգրանտներ», «Բանակում», «Որբեր», «ԱԻՆ 911», «Մեր գյուղը» և այլն): Ըստ նրա` դերասանը, աշխատելով թատրոնում, ամենակարևորը մեծ փորձ է ձեռք բերում: «Որպես դերասան հասունանում ես, թատրոնում ամեն օրդ տարբերվում է նախորդից, ստեղծագործում ես ոչ միայն բեմում, այլև դրանից դուրս, ապրում ես դերասանի կյանքով, որը վերջ չունի: Ամեն նոր դերն ինձ համար նոր փորձություն է, նոր սկիզբ, հնարավորություն եմ ունենում բացահայտելու ինքս ինձ նոր կերպարում»,-շեշտեց Աշոտը:

 

 

Դերասանի համոզմամբ` թատրոնն ու կինոն ինչքան տարբեր են, այնքան էլ նման ու մոտ են իրար: «Թատրոնում կենդանի շփում ունես հանդիսատեսի հետ և հնարավորություն չունես ևս մեկ անգամ տեսարանը փորձելու, իսկ ֆիլմում մի տեսարանը կարող ես մի քանի անգամ խաղալ: Բայց կա նաև հակառակը. եթե առաջին օրը ներկայացման մեջ ինչ-որ տեսարան չես հավանում, հաջորդ անգամ փոխելու հնարավորություն ունես, իսկ ֆիլմում ճիշտ է, մի քանի դուբլ է արվում, սակայն վերջնականը ընտրվելուց հետո այլևս հնարավորություն չես ունենա նորից կրկնելու ու այն կմնա ամբողջ կյանքում»:

 

Խոսելով թատրոնում խաղացած ամենասիրելի կերպարների մասին` Աշոտը նշեց, որ դրանք  մի քանիսն են. «Պատասխանատու դերեր ունեմ, որոնցից է «Չարենցի ուղղիչ տունը» ներկայացման Միշայի կերպարը, «Մորգանի խնամին» ներկայացման Ժորժի կերպարը. իմ սիրած դերերից է նաև «Ֆիլումենա Մարտորանո» ներկայացման Ումբերտոյի դերը»: Դերասանը դժվարացավ նշել ֆիլմերից սիրելի կերպար, թեև դերերը քիչ չեն եղել:

 

«Այսօր շատ ֆիլմեր նկարահանվում են ոչ թե կոմեդիայի ժանրով, այլ առաջին հերթին մտածվում է, ինչպես անենք` որ դահլիճը ծիծաղի, կամ տոմս ծախվի` մոռանալով որակի մասին: Նույնը շատ դեպքերում կատարվում է կոմերցիոն ներկայացումներում: Բրավո էն մարդկանց, ովքեր ազնվորեն են ծառայում թատրոնին ու կինոյին»,-հավելեց դերասանը:

 

 

Աշոտը բացահայտում է իրեն

Աշոտի խոսքով` հիմնական ժամանակն անցկացնում է թատերական մթնոլորտում, իսկ ազատ ժամերին սիրում է ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել: «Շաբաթվա մեջ մի անգամ առիթ ենք փնտրում ընկերներով հավաքվելու մեկի տանն ու այդ օրը դարձնում ենք տոն: Դե, իհարկե, այս ոլորտի մարդ լինելով, անընդհատ տարբեր թատրոններ եմ գնում`նոր ներկայացումները դիտելու,- ասաց Աշոտը և ավելացրեց,- սզատ ժամանակ անում եմ այն, ինչը կապված է ֆուտբոլի հետ. ընկերներիս հետ ամեն շաբաթ հավաքվում ենք ու ֆուտբոլ խաղում, նաև համակարգչով եմ խաղում:)»:

 

 

Ընտանիք

Դերասանն ամուսնացած է. ունի մեկ աղջիկ, ում լույս աշխարհ գալու մասին ESem.am-ը պատմել է:Աշոտը խոստովանում է, որ զբաղվածության պատճառով ընտանիքը երբեմն տուժում է, քանի որ շատ է բացակայում տանից: «Տանը եղածս ժամանակ էլ է ընտանիքս երբեմն տուժում, քանի որ եթե առաջիկայում ունեմ ներկայացման պրեմիերա, ես միայն ֆիզիկապես եմ թատրոնից բացակայում,- կեսկատակ-կեսլուրջ նշեց դերասանը՝ հավելելով,- շատ ուրախ եմ, որ կինս ինձ վաղուց է ճանաչում ու ամեն ինչին ըմբռնումով է մոտենում: Ես ամեն անգամ խոսք եմ տալիս, որ իրենց հետ շատ ժամանակ կանցկացնեմ ու արդեն երեք տարի է` միայն խոսք եմ տալիս:)»,:

 

Աշոտի համոզմամբ` ՀՀ-ում ընտանիք ունենալը մեծ պատասխանատվություն է, բայց առանց ընտանիքի էլ իրեն չի պատկերացնում: «Շատ եմ ուզում, որ ստեղծագործական կյանքում ունեցածս հաջողություններս դրական ազդեցություն ունենան աղջկաս ապագայի վրա»,-շեշտեց նա:

 

 

Առաջիկա պրեմիերա

Դերասանից տեղեկացանք, որ թատերախմբի շրջանակներում բեմադրում է նոր ներկայացում՝«Գիշատիչների խնջույքը»: «Վաղուց կար այսպիսի ներկայացում ունենալու գաղափար, բայց ինչ-ինչ պատճառներով պրեմիերան հետաձգվում էր: Շատ ուրախ եմ, միևնույն ժամանակ անհանգիստ, որ արդեն վերջնական փուլում ենք ու մոտենում է պրեմիերան: Միայն կասեմ, որ մեծ սիրով ու նվիրումով ենք սպասում արդյունքին. բոլորին առաջարկում ենք դիտել ու գնահատել մեր աշխատանքը»,-նշեց դերասանը և հավելեց, որ «Գիշատիչների խնջույքի» պրեմիերան կկայանա մարտի 17-ին` Համազգային թատրոնի բեմում:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը