Մոտ մեկուկես ամիս է՝ Երևանի կինոթատրոններում ցուցադրվում է «Պապարացի» գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերակատար, ռեժիսոր և սցենարիստ Նադի Իսպիրյանի հետ խոսել ենք պրեմիերայից հետո ստացած արձագանքների մասին:

 

 

Ըստ Նադիի` հիմնական արձագանքն այն է, որ թեթև նայվող ֆիլմ է: «Բոլորը գալիս են դրամա նայելու, բայց ֆիլմն իր մեջ անակնկալ ունի. կեսից այն փոխվում է կոմեդիայի ու վերջում մարդիկ ուրախ տրամադրությամբ են լքում դահլիճը»,- ասաց Նադին և ավելացրեց, որ արձաքանքներն իրեն փոխանցում են ոչ միայն կինոթատրոնի աշխատակիցները, այլև անծանոթ մարդիկ: «Հիմնական արձագանքն այն է, որ ծանր առօրյայից հետ մարդիկ գալիս են կտրվելու ու ծիծաղելու»,-ավելացրեց Նադին:

 

 

Ֆիլմի թրեյլերում կան նաև բաց տեսարաններ: Ռեժիսորի խոսքով` իրականում բաց տեսարանները ֆիլմում շատ չեն: «Թրեյլերում ընտրվում են ամենագրավիչ տեսարանները»,- նկատեց դերասանուհին, ում խոսքով` ֆիլմում շեշտը դրված է այլ տեսարանների վրա և նույնիսկ ուշադրություն չի էլ դարձվում բաց տեսարանին: «Այն ավելի շատ ընդգծված է թրեյլերում»,- ասաց նա:

 

Նադիի փոխանցմամբ` ֆիլմը դեռևս շարունակվում է ցուցադրվել կինոթատրոններում. այն արդեն հասանելի է Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնում: Դերասանուհի-սցենարիստից տեղեկացանք նաև, որ բազմաթիվ արձագանքներ է լսել ֆիլմում նկարահանված դերասանների մասին:

 

 

«Շատ են խոսում դերասան Հայկ Հովհաննիսյանի մասին: Բոլորը մտածում են, որ նա իրականում էլ վատն է, քանի որ միշտ վատ դերեր է խաղում, իսկ դերասանուհի Մանանա Գևորգյանին ֆիլմում ոչ ոք չէր ճանաչել, ասում էին, որ կերպարանափոխվել է»,- ասաց Նադին և նշեց, որ շատերի կարծիքով` որպես ռեժիսոր ինքն ավելի շատ աշխատել է մյուս կերպարների, քան իր վրա: «Կարծում եմ՝ իմ կերպարը հենց այսպիսին էլ պետք է լիներ, շատ բան պետք չէր, ինքն իրենով արդեն ցայտուն էր»,- շեշտեց դերասանուհին:

 

ESem.am-ն իր ընթերցողներին առաջարկում է մասնակցել վիկտորինայի և շահել ֆիլմի 2 հրավիրատոմս՝ մարտի 1-ի ցուցադրության համար:

 

 

Վիկտորինա

Հարց. «Պապարացի» ֆիլմում  ո՞վ է պապարացին. նշել կերպարի անունը: 

Եթե գիտես ճիշտ պատասխանը, միացիր ESem.am-ի ֆեյսբուքյան էջին և փակ նամակով ուղարկիր պատասխանի քո տարբերակը:

Ուշադրություն. ընդունվում են միայն փակ նամակով ստացված պատասխանները: Մեկնաբանությունների բաժնում գրված պատասխանները հաշվի չեն առնվելու. հաղթող կճանաչվի առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցը:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը