Եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանը հուզված և ոգևորված է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Genealogy» խմբի երրորդ մասնակիցն իր պաշտոնական ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել:


«Սիրելի ընտանիք, ընկերներ և երկրպագուներ: Ես շատ ոգևորված, շոյված և հուզված եմ տեղեկացնելու ձեզ բոլորիդ, որ ես կլինեմ Հայաստանն Ավստրիայում՝ Վիեննայում այս տարի անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացնող վեց արտիստներից մեկը: Ես գիտեմ, որ դուք բոլորդ կշարունակեք աջակցել և քաջալերել ինձ այս կամուրջ կառուցող ճամփորդության ընթացքում, որը ներկայացնում է վեց ճակատագրեր և մեկ պատմություն: Խաղաղություն, սեր, երաժշտություն բոլորիդ»,- նշել է նա:

 

Վահե Թիլբյանը ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը: Վառ կերպարով եւ եռանդուն բնույթով փորձառու երգիչ ու երաժշտագետ Վահե Թիլբյանը ճանաչված արվեստագետ է: Վահեն հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական եւ լատինական երաժշտություն ներառող: Մշակութային այս խառնուրդն արտացոլում է Վահեի անհատականությունն ու առանձնացնում է նրան` որպես բացառիկ արվեստագետ և պարող:

 

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ:

 

Կարեւորելով խաղաղության, միասնության ե ւ հանդուրժողականության գաղափարը՝ ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերունդը: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, և նրանց թիվը զուգակցվում է անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվող խումբը կկրի«Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):


Խմբի առաջին մասնակիցը Եվրոպա աշխարհամասը ներկայացնող երգիչ Եսայի Ալթունյանն է (Ֆրանսիա): Եսայի Ալթունյանն իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է. համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները: Խմբի երկրորդ մասնակիցը՝ անկեղծ ու մեղեդային Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում, և ներկայացնում Ամերիկա աշխարհամասը:

 

Չնայած երրորդ մասնակիցը՝ Վահեն, ծնվել և մեծացել է Եթովպիայում, նրա ծնողները (Գարո Թիլբյանն ու Անի Ասլանյանը) ծագումով հայ են: Նրա հայրական կողմի պապը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերից է, ում ճակատագիրը հիմնովին հաստատել է Եթովպիայում: Նրա մայրական կողմի ընտանիքի բոլոր անդամները լքել են Արևմտյան Հայաստանը՝ 1890-ականների վերջին և 1900-ականների սկզբներին:


Վահեն լրջորեն սկսել է մտածել երաժշտության մասին, երբ արդեն Կանադայի Վանկուվեր քաղաքի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ էր: Նա բակալավրի կոչում է ստացել ընդհանուր գիտություններից՝ մասնագիտանալով կենսաբանության մեջ: Այդ ընթացքում Վահեն արդեն գերված էր պարով և, լինելով պրոֆեսիոնալ միջազգային լատինամերիկյան պարահանդեսային ոճի պարող, ՛՛Salsegnochu՛՛ պարային խմբի համահիմնադիրն ու պարուսույցն էր: Այս ամենին զուգահեռ՝ Ադիս Աբեբայում Վահեն երգում էր “The Motley Singers” երգչախմբում՝ որպես գլխավոր տենոր:


Համալսարանն ավարտելուց հետո Վահեն 3 տարուց ավելի աշխատել է բիզնեսի ոլորտում և 2008 թվականին, թողնելով իր հիմնական աշխատանքը, ամբողջությամբ նվիրվել է երաժշտությանը: Իր ընկերներ Բիտիկ Էմլաելու և Լեդջ Լեոի աջակցությամբ միացել է «Z Beyaynetus» խմբին: Շուտով Եթովպիայում հաստատված պրոդյուսեր և կատարող Քենի Ալենը, լսելով Վահեին տեղի ժամանցային վայրերից մեկում, առաջարկել է նրան դառնալ իր բեք- վոկալիստը «251 Band» խմբի ալբոմի թողարկման շրջանակում:


Առաջարկն ընդունելուց հետո Վահեն աշխատել է նրա հետ երկար տարիիներ՝ հանդես գալով տեղի երաժշտական փառատոնների և այլ միջոցառումների ընթացքում: Հաջորդիվ, որոշելով փոփոխություն մտցնել իր ժանրի և երգացանկի մեջ, Վահեն միացել է «Eshee Havana» սալսա խմբին: Նա աշխատել է եթովպական երգերի օրիգինալ ռեմիքսների՝ սալսա ոճի փոխակերպումների վրա: 2011 թվականին «Big Brother Africa» շոուի շրջանակում հասել է եզրափակիչ փուլ:


Վահեն ինքն է գրել իր առաջին երգի՝ «Life or Something Like it» բառերը և Միքայել Հաիլուի հետ միասին գործիքավորել և ձայնագրել են երգը 2010 թվականին: Ոգեշնչվելով երգի հաջողությունից` Վահեն սկսել է գրել սեփական երգերի բառերը: 2012 թվականին նրա «Don’t Stop» սինգլն առաջադրվել է Armenian Pulse Music Award-ում՝ որպես հայ կատարողի լավագույն անգլերեն երգ և օնլայն քվեարկությամբ գրավել է 3-րդ տեղը:


2012 թվականի նոյեմբերին Վահեն ավարտին է հասցրել իր «Mixology» ձայներիզն ու թողարկել այն անվճար:      

2013 թվականի մայիսին Վահեն թողարկել է «Yene Tizita» երգի տեսահոլովակը, որը թարգմանաբար նշանակում է կարոտ կամ հիշողություններ. այն հին եթովպական երգի վերաթողարկումն էր: Տեսահոլովակի ռեժիսորն ու պրոդյուսերը եղել են Արամազդ Կալայջանն ու Մուլուգետա Ամարուն:


Արդեն 2 տարի է Վահեն’ «Zemen Band» խմբի մենակատարն է: Նա աշխատել է երգիչներ Zeritu Kebede-ի և Michael Belayneh-ի հետ և Nubian Arc Band երաժշտական խմբի հետ: Նա նաև հանդես է եկել որպես բեք-վոկալիստ և համերգի առաջին կատարող Ledj Leo-ի, Abby Lakew-ի, Nhatty-ի, Tsedenya Gebremarkos-ի, Eyob Mekonnen-ի, Shewandagn Hailu-ի համար, ինչպես նաև ելույթ է ունեցել աֆրիկացի արտիստներ Oliver Mtukudzi-ի, Vee and Liz Ogumbo-ի հետ, երբ նրանք հյուրախաղերվ հանդես են եկել Եթովպիայում:


Վահեն թղթակցել է Ադիս Աբեբայում հրատարակվող Zoma Magazine-ին և կարող է ազատորեն իր մտքերն արտահայտել հայերեն, անգլերեն, ամհարերեն, իտալերեն և ֆրանսերեն:


Հետագայում Վահեն մտադիր է թողարկել ևս 2 ձայներիզ, որոնցից մեկը կլինի ամբողջությամբ հայկական, մյուսը՝ եթովպական, համարժեք մշակութային-երաժշտական տարրերով՝ ներկայացնելով մշակութային այն խառնուրդը, որից ինքն է սերում: