Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները ներկայացնող «Մեր Ատլանտիդան» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Ստամբուլի անկախ կինոյի 14-րդ միջազգային փառատոնի հիմնական ծրագրում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Արթուր Սուքիասյանը նշեց, որ այն ներառված է կինոփառատոնի «Տուն» ծրագրում։
«Ֆիլմը կցուցադրվի Ստամբուլում: Կինոփառատոնի շրջանակում փետրվարի 22-ին տեղի կունենա հատուկ ծրագիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որտեղ հայ և թուրք ռեժիսորները կինոյի միջոցով խոսելու են անձնական պատմություններն ու կնճռոտ հարցերը վեր հանելու մասին։ Այս միջոցառմանը մասնակցելու եմ նաև ես թուրք ռեժիսոր Դևրիմ Ակայայի հետ։ Ես խոսելու եմ իմ «Մեր Ատլանտիդան», իսկ Դևրիմն իր՝ «Դիյար» վավերագրական ֆիլմի մասին: Կինոնկարը ռեժիսորի հայ պապիկի մասին է, ով վերագտնում է իր ընտանիքի պատմությունը։ Միջոցառմանը մասնակցելու է նաև Արսինե Խանջյանը։ Կինոփառատոնն այս տարի տեղի կունենա փետրվարի 12-22-ը»,-նշեց ռեժիսորը:
Արթուր Սուքիասյանը հավելեց, որ «Մեր Ատլանտիդան» ֆիլմը կներկայցվի նաև Նյոնի հեղինակավոր՝ «Visions du Reel» միջազգային կինոփառատոնի կինոշուկայում, որը կանցկացվի ապրիլի 17-25-ը Շվեյցարիայի Նյոն քաղաքում։
«Մեր Ատլանտիդան» անունը կրող վավերագրական ֆիլմը Հայաստանի, Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ արտադրությունէ: Ֆիլմը Պոլսի հայկական ճամբարի մասին է, որը կառուցել էին որբերը1960-ական թվականներին, ապա խլվել թուրքական իշխանությունների կողմից:
Սա ճամփորդություն է ճամբարի անցյալի և ներկայի միջև, որը ցույց է տալիս, թե ինչպես ե րեք տասնամյակ անց ճամբարի սաները փորձում են չկորցնել դրա մասին իրենց հիշողությունները: Երբ ֆիլմում ներկայացվում են գլխավոր հերոսի անձնական պատմությունները և հուշերը ճամբարի մասին, մեկ այլ՝ ավելի մեծ պատմություն է սկսում բացահայտվել: Կինոնկարը ցեղասպանության մասին չէ, սակայն ներկայացնում է այդ ողբերգության հետևանքները: Ֆիլմի ստեղծմանն աջակցել են Ֆրանսիայի կինոկենտրոնը, հայ-թուրքական կինոպլատֆորմը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Հրանտ Դինքի անվան հիմնադրամը: Նկարահանումները կատարվել են Հայաստանում և Թուրքիայում:
«Մեր Ատլանտիդան» անվանումը Հրանտ Դինքի հոդվածից է վերցված. «Ակոս» շաբաթաթերթում նա մի մեծ հոդված էր գրել հայկական հարցի հետ կապված, անդրադարձել Պոլսի ճամբարին և ասել. «Ճամբարը մեր տունն էր, մեր ամեն ինչը, մեր Ատլանտիդան»: Ես ոգեշնչվեցի այդ խոսքերից: Այդ տարածքում, Թուրքիայի մեջ մի փոքրիկ հայկական քաղաքակրթություն է եղել, և հայերը զրոյից ամեն ինչ ստեղծել են և ապրել»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Արթուր Սուքիասյանը: