Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայկական տուրիստական ընկերություններից մեկի նախաձեռնությամբ կազմակերպվում է «100 հոգանոց խմբով ջահերով բացառիկ վերելք դեպի Արարատ լեռան գագաթ»:

 

 

Պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանը, ով նախագծի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, ESem.am-ի հետ զրույցում հայտնեց, որ լեռնագնացությունը նախատեսվում է հուլիսին, քանի որ ապրիլին լեռը ձնառատ է և վտագավոր:

 

«Նախագծի հեղինակը՝ Հովհաննես Մարտիրոսյանը, պրոֆեսիոնալ լեռնագնաց է և մի քանի անգամ բարձրացել է Արարատ լեռը: Նա ապրիլին էլ է բարձրանալու, իսկ ոչ պրոֆեսիոնալների համար այդ շրջանում գագաթն անհասանելի կլինի: Ամռանը նրանք հեշտությամբ կբարձրանան»,- ասաց Մարինան և հավելեց, որ լեռնագնացությունը կտևի 6 օր: Արարատի գագաթին կծածանվի հայկական դրոշը, մասնակիցները «Քոչարի» կպարեն:

 

 

«Մինչ Արարատը բարձրանալը մասնակիցների հետ բարձրանալու ենք  Արագած: Այնտեղ պարային փորձեր են լինելու, քանի որ «Կարին» ազգագրական համույթն էլ է բարձրանալու Արարատ, նախատեսվում է, որ լանջին պետք է «Քոչարի» պարեն, սակայն մինչ այդ բոլորը պետք է սովորեն պարը: Դա ոչ միայն լեռնագնացության վարժանք կլինի բոլորի համար, այլև միմյանց հետ ծանոթանալու միջոց»,- ասաց հաղորդավարուհին, ով 2010 թվականին բարձրացել է Արարատ լեռը:

«Երբ Հայաստանում էի, հաճախ միանում էի լեռնագնացություններին դեպի Արագած, Սպիտակաշար, Աժդահակ»,- նշեց նա: Պարուհին ընդգծեց, որ Արարատի գագաթին անբացատրելի զգացողություններ է ունեցել. լեռան լանջին այլ զգացողություն է:

 

 

«Մինչև հիմա մեծ ոգևորությամբ եմ խոսում այդ մասին: Այդ հարազատական կապը կա, լեռը մեզ ջերմություն էր տալիս, ինձ, ամեն դեպքում, տվել է. ես չեմ զգացել այնտեղի ցուրտը՝ չնայած բարձրությանը: Այլ երկրներից էլ խմբեր կային. երբ իրենք բարձրացան, մառախուղ ու քամի էր և չհասան մինչև գագաթ, իսկ  մեր բարձրանալու օրն ամպերը մաքրվեցին, արևոտ, պարզ օր էր: Կարծես ճանապարհ բացվեր, որ բանձրանանք ու ամեն ինչ շատ պարզ տեսնենք»,- ոգևորությամբ պատմեց Մարինան:

Նրա խոսքով՝ մեծ ցանկություն ունի բարձրանալ Արարատ նաև այս անգամ, սակայն փոքրիկ տղան դեռ 4 ամսական է և հնարավոր է՝ չկարողանա միանալ արշավախմբին:

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը