Ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի հարազատները, որն ինքնասպան է եղել անցյալ տարվա օգոստոսին, դատավեճի մեջ են մտել նրա ժառանգության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր Էլեկտրոնային կայքում հաղորդել է The New York Times թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Ուիլյամսի այրին՝ նրա երրորդ կինը՝ Սյուզան Շնայդերը, եւ նախորդ երկու ամուսնություններից նրա երեք երեխաները՝ Զաքը, Քոդին եւ դուստրը՝ Զելդան, դեկտեմբերին եւ հունվարին հարուցել են փոխադարձ հայցեր, որոնցում իրենց վճռական անհամաձայնությունն են հայտնել այն բանի կապակցությամբ, թե ինչպես Է բաժանվել հոլիվուդյան «աստղի» նյութական ժառանգությունը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այդ հայցադիմումներում խոսքը վերաբերում Է ոչ միայն փողին եւ սեփականությանը, որոնք Ուիլյամսը վաստակել է գրեթե 40-ամյա դերասանական կարիերայի ընացքում, այլեւ հագուստի, լուսանկարների եւ անձնական թանկ իրերի՝ նրա հավաքածուներին: Հարուցված հայցերում, ինչպես նշել է թերթը, «շատ մեծ շահագրգռություն է դրսեւորվում նաեւ այնպիսի հիշարժան եւ թանկ իրերի հարցում», ինչպիսիք են դերասանի հեծանիվը եւ նրա պատրաստած փափուկ խաղալիքները:
63-ամյա Ուիլյամսի մարմինը հայտնաբերվել Էր օգոստոսի 11-ին Թիբուրոնի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը: Ոստիկանության նյութերում նշվել է, որ «մարմնի վրա եղել են խեղդամահության հետքեր, պարանոցին եղել է կաշեգոտի»: Դա հետաքննությանը թույլ է տվել եզրակացնել, որ դերասանն ինքնասպանություն Է գործել:
Հանդիսականները դերասանին սիրել են «Ջումանջի» (1995), «Ուր են տանում երազները» (1998), «Երկուհարյուրամյա մարդը» (1999), «Բուժարար Ադամսը» (1998), «Մեռած պոետների ընկերությունը» (1989), «Բարի լույս, Վիետնամ» (1987) ֆիլմերում կատարած դերերի համար:
1998 թվականին ԱՄՆ-ի Կինոարվեստների ակադեմիան Ուիլյամսին «Օսկար» մրցանակ Է շնորհել երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար «Խելացի Ուիլ Հանթինգը» (1997) ֆիլմում: Ուիլյամսի հաշվին կան նաեւ «Ոսկե գլոբուսի» 6 հեղինակավոր պարգեւներ: