Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ հաղորդավար Լյով Բադալյանը մասնակցում է ռուսական սկանդալային «Дом 2» ռեալիթի շոուին և նախագիծ է գնացել Ալյոնա Վրաժևսկայայի սիրտը գրավելու համար:
ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ «Дом 2»-ն այն եզակի հաղորդումներից է, որը տանել չի կարողանում: «Հիմա էլ չեմ ցանկանա, որ մարդիկ նայեն այն: Մասնակցեցի, որովհետև իմ փոխարեն միշտ ու ամեն ինչ արել են ընտանիքիս անդամները, որոշեցի գնալ ու էնտեղ սովորել ամեն ինչ անել: Արդյունքում՝ հիմա էլ իմ փոխարեն ամեն ինչ անում են մասնակիցները՝ ուտելիք են պատրաստում, սպասք լվանում, արդուկ անում: Այստեղ նույնիսկ մականուն ձեռք բերեցի՝ «импозантный принц»: Կարճ ասած՝ ոչինչ չփոխվեց, իմ փոխարեն էլի ամեն ինչ անում են»,- ասաց Լյովն ու հավելեց, որ ինչ վերաբերում է իր որոշումներին՝ ինքն առավել քան ինքնուրույն է, քանի որ 16 տարեկանից աշխատել է:
Անդրադառնալով Ալյոնա Վրաժևսկայայի սիրտը գրավելու ցանկությանը՝ նա ասաց, որ նախագծի հիմքում սերն է, և ինքը պետք է առանձնացներ որևէ մեկին: «Արտաքնապես Ալյոնան բոլորից շատ դուր եկավ ինձ և ուրախ եմ, որ Հայաստանից բերածս արձանիկի տեսքով նուռը տեղ է գտել ինստագրամի նրա էջում»,- ասաց Լյովը: Նրա խոսքով՝ Ալյոնան իրեն գրավել էր բացառապես արտաքին տեսքով, քանի որ ինքն ի սկզբանե վստահ էր՝ եթերում և իրական կյանքում մարդիկ տարբեր են:
ESem.am-ի հարցին, թե այժմ ի՞նչ հարաբերութուններ ունեն Ալյոնայի հետ, Լյովը պատասխանեց՝ նեյտրալ: «Երբևէ ինձ հանդիպած ամենասահմանափակ ու դատարկ աղջիկն է»,- ասաց նա՝ նշելով, որ հիասթափված չէ, քանի որ երբեք չի հիանում, որպեսզի հետո չհիասթափվի:
«Նախագիծն ինձ տվել է մեծ փորձ՝ շփում սահմանափակ ու դատարկ մարդկանց հետ, դրական ոչ մի բան ասել չեմ կարող:) Միայն ռուս հեռուստադիտողի արձագանքն է դրական»,- ավելացրեց Լյովը:
Նախկինում «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատած հաղորդավարը վերջին շրջանում Հ3-ի եթերում էր: «Ես տեսակով շատ բարդ մարդ եմ. բնավորությանս պատճառով կա՛մ ինձ են հեռացնում, կա՛մ ես եմ թողնում աշխատանքս՝ ձանձրանալով և ավելիին ձգտելով: Ուզում եմ ուժերս փորձել էստեղ: Հնարավոր է՝ մի քանի օրից վերադառնամ Հայաստան, հնարավոր է՝ բախտս բերի և մնամ այստեղ»,-ESem.am-ին ասաց նա:
Ինչ վերաբերում է ցանցաբնակների բացասական մեկնաբանություններին՝ Լյովը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Զարմանում եմ հայերի չկամության աստիճանի վրա. Էդ ի՞նչ վերնագրեր են դնում։ Աստված տա՝ մոտս ամեն ինչ ստացվի, ու ես էլ էդ նախանձ, չկամ, չարացած, կոտրող ու ՀԱՅԻՆ ՔՑՈՂներով լի երկիր ոտ չդնեմ.. Մի հատ եսիմ ով, իրան եսիմ ում տեղը դնելով, իմ մասին «նյութ» ա գրել, ավելի ճիշտ՝ ստատուս, որն արդեն շատ կայքերում որպես նյութ ա մատուցվում, ու տակն էլ, բնականաբար, մեկնաբանություններ կհայտնվեն, իբր՝ ԱՄՈՈՈԹ ԴՐԱՆ, ԳՆԱՑ, ԽԱՅՏԱՌԱԿ ԱՐԵՑ ՀԱՅԵՐԻ ԱՆՈՒՆԸ.. Ու նմանատիպ այլ, անպայման ՎԱՏ մեկնաբանություններ, ու գրողներից ոչ մեկ, վստահ եմ, ոչ մի եթեր չի տեսել, ու էդ ԵՍԻՄ ՈՒՄ կարծիքն իրանց լրիվ հերիք ա... Էդ հեղինակն ինձ անձամբ չի էլ ճանաչում, թե ինչ մի դրել՝ կյանքիս ամբողջ «չստացված» ընթացքին հետևել ա, հիմա էլ արտահայտվում ա... Ամենավատն էս պատմության մեջ էն ա, որ ռուսն իմ մասին գրում ա ամենալավ ու հաճելի բաները` քցելով ռուսին...»: Ապա նա ներկայացրել է ռուս հեռուստադիտողների դրական մեկնաբանություններն իր մասին:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը