Այսօր շատ երիտասարդներ աղի բլիթ են ուտում՝ երազում իրենց սիրուն տեսնելու մեծ հույսով :) Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերվա հետ կապված մի շարք ավանդույթներ կան: Երգչուհի Սիլվա Հակոբյանը ESem.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ ժամանակին պարտաճանաչ հետևում էր սովորույթին, սակայն այս տարի խախտել է ավանդույթը:)
«Աղի բլիթ ուտելու կարիք այլևս չունեմ: Քանի որ ունեմ հարգելի պատճառ, այլևս չեմ ուզում տանջամահ անել ինձ :) Ես ապրում եմ ներկայով և վայելում իմ սերը»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ իր համար աղի բլիթ ուտելը հեշտ չի եղել: «Ամեն տարի շատ դժվարությամբ էի ուտում, քանի որ աղակեր չեմ: Եղել են դեպքեր, երբ կեսն եմ կերել»,- ավելացրեց նա:
Մինչ իր երկրորդ կեսին՝ Դավթին, հանդիպելը Սիլվան ամեն տարի աղի բլիթ է կերել: «Անկախ նրանից՝ երազ կտեսնեի, թե ոչ ուտում էի, քանի որ ուզում էի ավանդույթի մասնակիցը դառնալ: Չեմ սիրում կանխագուշակումներ անել, սակայն սա շատ լավ ավանդույթ է: Բոլոր աղջիկներն ու տղաները, ովքեր դեռ միայնակ են, թող փորձեն՝ թեկուզ հետաքրքրության համար: Գուցե նաև բախտը ժպտա, որովհետև շատերն իսկապես ճիշտ երազ են տեսել»,- նշեց երգչուհին, ով երբեք երազում չի տեսել սիրելիին:
«Եղել են դեպքեր, երբ չեմ հիշել երազս, եղել են դեպքեր, երբ միանգամից մի քանի հոգու եմ տեսել, սակայն նրանց թվում եղել են իմ հարազատները»,- ասաց երգչուհին:
Սիլվան դեռ չգիտի՝ վաղն ինչպես է նշելու սիրո տոնը: «Ոչինչ չեմ ծրագրել: Հավանաբար սիրելիիս հետ կնշեմ, դա կախված է նաև մեր աշխատանքային գրաֆիկից: Եթե չստացվի, դեռ առիթ կունենանք միասին նշելու»,- եզրափակեց երգչուհին:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը